Պետական իշխանության մարմինների սպասարկումն ապահովող օպերատորների թիվը կավելանա

13:11, 1 փետրվարի, 2018

Կառավարության նիստում փոփոխություն կատարվեց «Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների» մասին օրենքում՝ ընդլայնելով սպասարկման գրասենյակների ցանցը։ Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

«Այս պահին յոթ օպերատոր է գործում՝ 89 գրասենյակ, և մենք մատուցում ենք 67 ծառայություն այդ գրասենյակների միջոցով, միաժամանակ կարծում եմ՝ կարևոր է իմանալ, որ ծառայություններից մոտ տասն առավել պահանջարկված են և կազմում են 95%-ը»,- ասաց Հարությունյանը։ Նախարարի խոսքով՝ գրասենյակների ընդլայնումը Կառավարության համար առաջնահերթ խնդիր է

«Դրա համար առաջակում ենք ավելացնել ևս երկու օպերատոր՝ Անշարժ գույքի կադաստրը և «Մոբի դրամը», Անշարժ գույքի կադաստրն ունի 38 գրասենյակ և պատկերացրեք, որ եղած գրասենյակը 89 ընդլայնում ենք, մեր քաղաքացիների համար ավելի հասանելի ենք դարձնում ծառայությունը։ «Մոբի դրամն» ունի 26 գրասենյակ, այսինքն մենք միանգամից 64 գրասենյակով ավելացնում ենք առկա 89-ը»,- ասաց նա։

Վարչապետը հետաքրքրվեց՝ Կառավարությունը կարո՞ղ է ֆիքսել, որ այդ հարթակները «սկսել են աշխատել», և ինչքանով է քաղաքացին տեղեկացված այդ ամենից։

«Պարոն վարչապետ, անընդհատ մենք պատվիրում ենք սոցիալական գովազդները, այն, որ թիվն աճում է, խոսում է այն մասին, որ մարդիկ տեղեկացված են»,- ասաց Հարությունյանը։ Վարչապետն առաջարկեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին տեղեկացնել մարզպետներին ծառայության մասին, որպեսզի քաղաքացիների համար ավելի արդյունավետ լինի համակարգից օգտվելը։