Թեղուտի պոչամբարի հետևանքով Դեբեդ և Շնող գետերում աղտոտում չի հայտնաբերվել

18:01, 7 փետրվարի, 2018

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ Կառավարությունը 25 տարով պայմանագիր է կնքել «Վալլեքս» ընկերության հետ՝ Թեղուտի հանքերը շահագործելու համար։

«Վերջերս «Վալլեքս» ընկերությունը լուծել է 1200 աշխատակցի պայմանագիր, ուզում եմ իմանալ` արդյոք այդ պայմանագրով կա որևէ սանկցիա նմանատիպ գործարքի համար, երբ հազարավոր աշխատակիցների պայմանագրեր են լուծարվում»,- հարցրեց նա։

Հարցին պատասխանելու համար իրավասու անձը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն էր, սակայն վերջինս գործուղման էր։ Մանե Թանդիլյանն իր հարցն ուղղեց Բնապահպանության նախարարին՝ հետաքրքրվելով Դեբեդ և Շնող գետեր լցված Թեղուտի պոչամբարի թունավոր ջրերի մասին: Պատգամավորը հարցրեց, թե կա՞, արդյոք, գնահատական` ինչպիսի վնաս է պատճառվել բնությանն ու ինչպես է այդ վնասը փոխհատուցվելու։

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ տեսչական մարմինը նմուշի փորձաքննություն է իրականացրել և խախտում չի հայտնաբերել։

«Չի հայտնաբերվել որևէ սահմանային նորմաներից ավելի աղտոտում, կամ՝ աղտոտում չի հայտնաբերվել։ Ինչ վերաբերում է գործունեության դադարեցմանը կամ կասեցմանը, կա պաշտոնական հայտարարությունը, որտեղ ամրագրված է միջազգային փորձագետների ներգրավման մեխանիզմը, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մենք ստանանք փորձագետների եզրակացությունները։ Թեղուտի ընդլայնման մասով նախագծի հայտերը լրամշակման են ուղարկվել՝ առավել հստակ պատասխաններ ստանալու նպատակով»,- ասաց Մինասյանը։

Թանդիլյանը հիշեցրեց, որ ըստ մամուլի հրապարակումների՝ պոչամբարն ունի ճաքեր, իսկ թունավոր ջրերը Դեբեդ և Շնող գետերն են հոսել: Ի պատասխան` Մինասյանն արձագանքեց. «Ես ասացի, որ իրականացվել է նմուշառում, ու չի հայտնաբերվել որևէ բացասական կամ սահմանային նորմերից ավելի աղտոտում»։