Վարչապետը հանձնարարեց մարզերի ու համայնքների համար խորհրդանիշեր սահմանել

11:31, 8 փետրվարի, 2018

Կառավարության փետրվարի 8-ի նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական հանձնարականներով սկսեց, որոնցից առաջինը վերաբերում էր գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներին։

«Վերհանված տվյալների համաձայն՝  առկա են գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներ, որոնց օգտագործման մակարդակը չափազանց ցածր է, մասնավորապես միայն Արարատյան դաշտավայրում արձանագրվել է շուրջ 24 հազար հեկտար ոռոգելի հողատարածք։ Նման հողատարածքները հանդիսանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականությունը, իսկ գործող օրենսդրական կարգավորումներն օգտագործումը խթանելու, անգործության համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ, ինչպես նաև հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման հստակ, ոչ հայեցողական գործիքակազմ չեն նախատեսում»,- ասաց Կարապետյանը։

Գործադիրի ղեկավարը Տարածքային կառավարման և զարգացման, Գյուղատնտեսության նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողերի խթանմանն ուղղված առաջարկություններ։

«Իրականում կարծում եմ՝ սա պրոբլեմ է, որովհետև մենք բազմաթիվ ջանքեր ենք կիրառում, միջոցներ ենք ծախսում, որպեսզի ոռոգելի հողատարածքները ավելացնենք, երբ ունենք ոռոգելի հողատարածքներ, որոնք ընդանրապես չեն մասնակցում այս գործընթացին»,- ասաց նա։

Մյուս հանձնարարականը վերաբերում էր մարզերի և համայնքների կողմից համապատասխան ընդունված խորհրդանիշերին

«Գործող օրենսդրությամբ սահմանված չէ նման խորհրդանշանների մշակման ընդհանուր միասնական պահանջներ, որոնց արդյունքում խորհրդանիշերն իրենց կառուցվածքով ու կարգավիճակով կհամապատասխանեն գործնականում ձևավորված և ընդունված կանոններին»,- հստակեցրեց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ այժմ դրանք ամբողջությամբ մարզպետարանի և ավագանու հայեցողության ներքո են։ Վարչապետը մշակույթի նախարարին ու մարզպետներին հանձնարարեց երկամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել մարզերի ու քաղաքների խորհրդանիշերի, ձևաթղթերի և անհատականացման այլ միջոցների ներկայացվող ընդհանուր պահանջների սահմանման ու դրանց տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմինների կողմից իրացման վերաբերյալ առաջարկություններ:

«Իրականում այստեղ շատ խայտաբղետ պատկեր ունենք»,- ասաց Կարապետյանը:

Մյուս հանձնարարականը վերաբերում էր պետական գույքի կառավարման վարչության կողմից ամրացված անշարժ գույքի խնդրին, որը փասատացի չի օգտագործվում կամ օգտագործվում է ոչ արդյունավետ

«Այդ իսկ պատճառով նման տեսակի գույքերը ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխաատեղերի ստեղծման նպատակով հարկավոր է օգտագործման տրամադրել նույնիսկ անհատույց, կամ նախաձեռնել դրանց օտարման գործընթացը»,- ասաց Կարապետյանը։ Վերջինս գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին հանձնարարեց, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց մեկամսյա ժամկետում գույքագրել և պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել պետական, համայնքային, հանրապետական գործադիր մարմինների ենթակայության պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին օգտագործման իրավունքով ամրացված այն անշարժ գույքի ցանկերը, որոնք մինչ օրս չեն օգտագործվում, կամ օգտագործվում են ոչ լիարժեք: