Սահմանամերձ Ճամբարակ համայնքին գույք նվիրաբերվեց

14:16, 8 փետրվարի, 2018

Կառավարության նիստին հաստատվեց որոշում, ըստ որի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքին գույք կնվիրաբերվի։ Նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Նախարարի խոսքով՝ լուծարել են Ուսումնական կենտրոն ՊՈԱԿ-ը, որը գտնվում էր ֆինանսների նախարարության հսկողության ներքո և այնտեղ բավականին պահպանված գույք կա։

«Ճամբարակ համայնքի համայնքապետը մեզ դիմել է նամակով, մենք խնդրում ենք Կառավարության թույլտվությունը, որպեսզի ամբողջ գույքը՝ այնտեղ կան նաև համակարգիչներ, որոնք օգտագործման ենթակա են, մենք նվիրաբերենք Ճամբարակ համայնքին, որը սահմանամերձ համայնք է»,- ասաց նա:

Գույքը կնվիրաբերվի Ճամբարակ համայնքի դպրոցներին և վարչական այլ շենքերին՝ ապահովելով վերջիններիս կահավորման և համակարգչային տեխնիկայով համալրման հարցը: