Սերժ Սարգսյանի «հագով կարած կոստյումն» ու Սահմանադրությունը

14:51, 8 փետրվարի, 2018

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» նախագիծը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ելույթով հանդես գալով խմբակցության անունից, հայտարարեց, որ վերջին շրջանում քննարկման ներկայացված բոլոր նախագծերի հիմքում անձն է, պաշտոնյան, ոչ թե ինստիտուտը։

Անդրադառնալով առաջին փոխվարչապետ տերմինին, որ արդեն իսկ ամրագրվել է «Կառավարության կառուցվածի մասին» օրենսդրական փաթեթում, Փաշինյանը նկատեց, որ Սահմանադրության մեջ նման հասկացություն չկա։

«Եվ պարզ է, որ չկա, որովհետև 2015 թվականին դրա անհրաժեշտությունը չկար, երբ նոր Սահմանադրությունն ընդունվում էր, Հովիկ Աբրահամյանը մտածում էր, որ այդ սուպեր վարչապետն ինքն է լինելու, Սերժ Սարգսյանն էլ մտածում էր՝ դե թող Հովիկ Աբրահամյանն այդպես էլ մտածի։ Հետո իրավիճակը փոխվեց, Սերժ Սարգսյանը Մոսկվայից հրավիրեց Կարեն Կարապետյանին, ասեց՝ Կարեն ջան, ես հայտարարել եմ, որ չեմ լինելու իշխանության, ուզում եմ իշխանությունը քեզ ժառանգել։ Կարեն Կարապետյանն էլ ասեց՝ սուպեր, վարչապետը ես կլինեմ։ Հիմա եկել է իշխանության փոխանցման պահը, ասում են՝ Կարեն ջան, ոնց որ Գալուստ Գրիգորիչը դեմ է, ֆրակցիան դեմ է, ու ստացվել է իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը չորով պետք է գցի Կարեն Կարապետյանին՝ աչքերի մեջ նայելով, ու որ այդ պրոցեսը մի քիչ մեղմվի՝ մի հատ պրիզ՝ առաջին փոխվարչապետ։ Սա ընդամենը Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում է»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում: