Քաղաքացիներն այսուհետ կարող են ահազանգել Արդարադատության նախարարության թեժ գիծ վեբ զանգով

17:35, 9 փետրվարի, 2018

Արդարադատության նախարարությունը գործարկել է e-hotline.am և e-request.am կայքերը։ E-hotline.am-ը Արդարադատության նախարարության թեժ գիծ ծառայությունն է, որը գործում է յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9.00-ից 18.00-ն, իսկ աշխատանքային օրվա ավարտից հետո թողնված զանգերը ձայնագրվելու և ուսումնասիրվելու են օպերատորի կողմից։

Հետաքրքրական է, որ քաղաքացիները կարող են ոչ միայն էլեկտրոնային նամակի տեսքով ահազանգել թեժ գիծ, այլև վեբ զանգի միջոցով կապ հաստատել ծառայության աշխատակցի հետ։ Կայքի ընդունարան բաժնում քաղաքացիները կարող են հերթագրվել Արդարադատության փոխնախարարների հետ հանդիպման համար։

E-request.am կայքի միջոցով քաղաքացիները կարող են առցանց ներկայացնել դիմում, բողոք կամ առաջարկություն՝ ուղղված ցանկացած պետական մարմնին։ Այս հարթակների գործարկումը պայմանավորված է Տեղեկատվության ազատության մասին օրենքի վերջին փոփոխություններով։