Անահիտ Բախշյան․ «Բուհի ինքնավարությունը չի կարող բարձրանալ, եթե վարչապետը պիտի հաստատի կառավարման խորհրդի կազմը»

14:02, 21 փետրվարի, 2018

Կրթության փորձագետ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը խորհրդարանում հրավիրված «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումներին ուշադրություն հրավիրեց Կրթության և գիտության նախարարի կողմից պարբերաբար շեշտվող օրենքով ապահովվող բուհերի ինքնավարության հարցին։

«E-draft.am-ում քսան օր դրվում է քննարկման մի նախագիծ, սակայն այդտեղ չկա կետ, որն ասի՝ բուհի կառավարման խորհրդի կազմը հաստատում է վարչապետը: Հանկարծ քսան օրվա քննարկումից հետո Կառավարություն է գալիս մի նախագիծ, որտեղ ավելացվում է այս տողը։ Քաղաքական ուժի նպատակը հասկանալի է, բայց այն ուղիղ հակասության մեջ է այն մարտահրավերին, որն եկած օրվանից ասում եք»,- դիմելով նախարար Լևոն Մկրտչյանին՝ ասաց Անահիտ Բախշյանը։

«Բուհի ինքնավարությունը չի կարող բարձրանալ, եթե վարչապետը պիտի հաստատի կառավարման խորհրդի կազմը»,-հավելեց կրթության փորձագետը։

Բախշյանի խոսքով՝ խնդիր է նաև այն, որ օրենքում հստակ ամրագրված չէ, թե ով է ընտրելու բուհի ռեկտորին։

Նախարարը հաստատեց, որ բուհի կառավարման խորհրդի կազմը հաստատում է վարչապետը։

«Խորհուրդը որպես հիմնադիր հաստատվելու կարիք ունի, օրինակ՝ մասնավոր բուհի խորհուրդը պետք է հաստատվի իր հիմնադրի կողմից, պետության կողմից հիմնադրվող բուհի խորհուրդը ևս պետք է հիմնադրի կողմից հաստատվի։ Կարող ենք գրել՝ Կառավարությունն է հաստատում, որևէ սկզբունքային խնդիր չունենք այդ հարցում»,- արձագանքեց նախարարը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Տեսանյութը՝ Parliament.am կայքի ուղիղ հեռարձակումից