Սերգեյ Բագրատյան. «Բարձրագույն կրթության նոր օրենքը խտրական դրսևորում ունի»

15:52, 21 փետրվարի, 2018

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ անդրադարձավ օրենքում տեղ գտած խտրական դրսևորումներին։

Պատգամավորի խոսքով՝ նախագծում նշվում է, որ կենսաթոշակային տարիքի գիտնականը չի կարող մասնակցել բուհի այն մրցույթներին, որտեղ թափուր հաստիքներ կան։

«Բայց նշում եք, որ դա թողնված է ռեկտորի հայեցողությանը, որը կարող է մեկ տարի ժամկետով պայմանագիր կնքել տվյալ գիտնականի հետ: Սա ի՞նչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ․ ակնհայտ է, որ սուբյեկտիվիզմ ու կոռուպցիոն ռիսկ կա»,- նկատեց պատգամավորը։

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն արձագանքեց, որ այդտեղ որևէ նվաստացուցիչ հարց չկա, ինքն էլ երկար տարիներ դասավանդում է և ամեն տարի կնքել է պայմանագիր՝ նույնիսկ այն ժամանակ, երբ որևէ պաշտոն չի զբաղեցրել։

Բագրատյանն անդրադարձավ նաև 70 տարին լրացած անձանց՝ վարչական աշխատանքով զբաղվելու արգելքին․ «Այս դրույթները ոչ միայն անհարգալից վերաբերմունք են, այլ մարդու իրավունքների խախտում։ Մեր ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու փաստի ուժով աշխատանքային պայմանագիրը միակողմ լուծելու հայեցողական վերաբերմունքը՝ այն համարելով խտրական վերաբերմունք»։

Լևոն Մկրտչյանը որպես օրինակ ներկայացրեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, որն ունի 8 ամբիոն, 5 ամբիոնների վարիչների տարիքը գերազանցում է 60-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութը՝ Parliament.am կայքի ուղիղ հեռարձակումից