Վարչապետն այցելել է Լոռի. մարզպետը նոր հանձնարարականներ է ստացել

20:04, 24 փետրվարի, 2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է իրականացրել Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում։ Խորհրդակցությանը ներկա են եղել Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ինչպես նաև այլ խոշոր համայնքների ղեկավարներ։ Վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ հանդիպմանը ներկայացվել է մարզպետի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև քննարկվել են մարզի խնդիրները, անդրադարձ է կատարվել բոլոր ոլորտներին։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ խորհրդակցությանը ներկայացվել է նաև Վանաձոր քաղաքի զարգացման հայեցակարգը, այս տարվա անելիքները։ Ասլայնաի խոսքով՝ Կառավարությունն Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ է վարում շուրջ 25 միլիոն դոլար արժողությամբ վարկային միջոց Կառավարությանը տրամադրելու։ Այն ուղղվելու է Վանաձոր քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես՝ լուսավորություն, հրապարակների վերանորոգում, արտաքին տեսքի բարեկարգում։ Առաջիկայում սպասվում է նաև Վանաձոր քաղաքի ճոպանուղու շինարարական աշխատանքների մեկնարկը։

Ասլանյանը չի կարող ասել վարչապետը մարզի տարեկան ցուցանիշներից գոհ է, թե ոչ, սակայն նկատեց, որ ցուցանիներն այլ մազրերի համեմատությամբ բարձր են։

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի խոսքով էլ՝ որոշ հարցերի առնչությամբ վարչապետը գոհունակություն է հայտնել, որոշների դեպքում՝ հանձնարարականներ տվել։

ՀՀԿ Լոռու տարածքային կառույցի ղեկավար մարզպետը պնդեց, որ որևէ քաղաքական հարց վարչապետի հետ չի քննարկվել։

«Այցն աշխատանքային է եղել՝ կատարված աշխատանքների հաշվետվության համար»,-ասաց նա։

Վերջին շրջանում մամուլում տեղեկություններ են հրապարակվում Նալբանդյանի հրաժարականի մասին։ Հետաքրքրվեցինք՝ այդ մասին վարչապետի հետ քննարկում եղե՞լ է, Արթուր Նալբանդյանը վստահեցրեց, որ նման հարցեր վարչապետի հետ չի խոսել։

Ըստ Կառավարության լրատվական ծառայության հաղորդագրության՝ մարզպետը ներկայացրել է մարզի տնտեսության հիմնական հատվածների համախառն արտադրանքը, այն կազմել է 298.9 մլրդ դրամ (հանրապետականի 5.2 տոկոսը), կամ աճը 2016 թ. նկատմամբ կազմել է 103.8 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 146 մլրդ 408.6 մլն դրամ, աճը 2016թ. նկատմամբ՝ 98.6 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 8.8 տոկոս: Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 78 մլրդ 900.0 մլն դրամ, աճը 2016 թ. նկատմամբ՝ 115.8 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 8.7 տոկոս: Շինարարության ծավալը կազմել է 17 մլրդ 785.4 մլն դրամ, աճը 2016 թ. նկատմամբ՝ 106.0 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 4.3 տոկոս: Մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 37 մլրդ 635.6 մլն դրամ, աճը 2016թ. նկատմամբ՝ 94.7 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 2.8 տոկոս, իսկ ծառայությունների ծավալը կազմել է 18 մլրդ 214.7 մլն դրամ, աճը 2016թ. նկատմամբ՝ 115.5 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 1.3 տոկոս: Խորհրդակցությանը հաստատվել է նաև 2017-2025 թթ. Լոռու մարզի զարգացման ռազմավարությունը, ամբողջությամբ պատրաստ է նաև 2018 թ. տարեկան գործունեության ծրագիրը, որում ներառված են 2018 թ. պետական բյուջեի, համայնքային բյուջեի, մասնավոր ներդրումներով, դոնորներով, միջազգային և այլ կազմակերպությունների կողմից Լոռու մարզում ընթացիկ տարում նախատեսվող ներդրումային ծրագրերը: Ռազմավարությամբ սահմանվել է մարզի զարգացման տեսլականը, այն է՝ ունենալ բազմաճյուղ, զարգացած արդյունաբերություն, արդիականացված գյուղատնտեսություն և զարգացած զբոսաշրջություն, ՏՏ ոլորտ։

Լուսանկարը՝ gov.am-ի։