Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց 2008թ-ի մարտի 1-ի զոհերի հիշատակը

10:40, 1 մարտի, 2018

Խորհրդարանն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկությամբ հոտնկայս հարգեց 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը։

Այնուհետև քվեարկության ներկայացվեցին մի շարք նախագծեր։ Քվեարկության ներկայացվեց Կառավարության ներկայացրած Տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագծում և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

Վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը և ասաց, որ հակասահմանադրական են ճանաչվել օրենքի դրութները, ուստի այս նախագիծը կոչված է կատարելու ՍԴ-ի որոշումը, ուստի մենք կողմ ենք։ Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 94 կողմ ձայնով։

«Ոստիկանության մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 89 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ։

«Ծառուկյան» խմբակցության մի շարք պատգամավորների կողմից ներկայացված «Հարկային օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցի վերավերյալ երկրորդ ընթերցմամբ քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հայտարարելով, որ օրենքի նախագծի ընդունումը հակասում է ԵՏՄ անդամ պետությունների կողմից որդեգրած տնտեսական ինտեգրացիայի խթանման քաղաքականությանը, ուստի դեմ են քվեարկելու։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը կողմ է քվեարկել:

«Էդ հետո նոր հասկացա՞ն, որ հակասում է ինչ-ինչ պայմանագրերին: Ի դեմս ՀՀԿ-ի՝ մենք գործ ունենք քաղաքական համույթի հետ, որի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը»,- ասաց նա։

Նախագիծը մերժվեց 34 կողմ, 62 դեմ ձայների հարաբերակցությամբ։

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 61 կողմ, 33 դեմ ձայների հարաբերակցությամբ։

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 88 կողմ, 6 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։