Ն․ Փաշինյան․ «Հրայր Թովմասյանը կյանքում ՍԴ անդամ ու ՍԴ նախագահ չէր լինի, եթե անցած չլիներ Սերժ Սարգսյանի թրի տակով»

11:34, 2 մարտի, 2018

Խորհրդարանում քննարկվում է Սահմանադրական դատարանի թափուր անդամի ընտրության հարցը, այդ պաշտոնում առաջադրված է պատգամավոր Հրայր Թովմասյանը։

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հիշեցրեց Հրայր Թովմասյանի ընդդիմադիր անցյալը։

«Ես երեկ հարց ուղղեցի պարոն Թովմասյանին, թե արդյոք նա «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության հիմնադիր անդամ չի՞ եղել, պատասխանելիս ասաց՝ ոչ, հիմնադիր անդամ չեմ եղել, և տպավորություն էր, թե ընդհանրապես
«Ժառանգություն» կուսակցության անդամ չի եղել, բայց Հրայր Թովմասյանը եղել է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության անդամ, վարչության անդամ»,- ասաց Փաշինյանը։

Պատգամավորի գնահատմամբ՝ Հայաստանի դատական համակարգը նույն տրամաբանությամբ է գործում` եթե որևէ մեկի տնից գողություն են կատարել, նա չպետք է հույս ունենա, որ իրավապահները կգտնեն ու կպատժեն: «Դու պիտի գնաս հարց ու փորձ անես, տեսնես` ով կլինի, գողին գտնես, վկաներին գտնես, գողոնը գտնես, կապես, գցես մեշոկի մեջ, տանես ոստիկաններին տաս, ամեն ինչ ապացուցես, որ իրավապահ համակարգը չասի` չէ»,- մանրամասնեց Փաշինյանը։

Փաշինյանը հիշեցրեց 2010 թվականի հունիսի 29-ին Հրայր Թովմասյանի այն հարցազրույցը, երբ վերջինս հայտարարել է, որ «2008 թվականի դատավարությունները ամոթ էին մեր երկրի համար»:

«Մարտի 1-ի լավագույն հանգուցալուծումը համաներումը չէ, ես գտնում եմ, որ մարտի 1-ի դեպքերի լավագույն լուծումը հարուցված գործերի կարճումն էր այդ նույն ժամանակահատվածում»,- մեջբերեց Թովմասյանի խոսքերը Փաշինյանը՝ հավելելով, որ հինգ ամիս անց Թովմասյանը նշանակվել է Արդարադատության նախարար։

Փաշինյանը հիշեցրեց, որ, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, իր հոդվածները թույլ չէին տալիս ուղարկել, այն դեպքում, երբ դատապարտյալն իրավունք ունի նամակագրության․ «Հրայր Թովմասյանն եկավ, ու ամեն ինչ նույն ձևի շարունակվում էր, ու ասում էր՝ սուտ են ասում, տենց բան չկա։ Հիմա հարց՝ ինչո՞ւ էր մարտի 1-ի խայտառակ դատավարությունները քննադատող մարդը միացել այդ դատավարություններով բանտում հայտնված մարդկանց հետապնդումներին։ Շատ պարզ պատճառով, որովհետև նա արդեն գիծ էր անցել և հայտնվել պարզ ընտրության առաջ՝ հիմա եթե ամեն ինչ չանի այս մեծամասնության կանոնների համաձայն, կասեն՝ կարո՞ղ է գիտես քեզ բերել ենք, որ շարունակես ընդդիմադիր գործունեությունդ։ Էստեղ բնական է, որ մարդու մոտ բնական վախ է առաջանում, ներողություն արտահայտությանս, տարած-հետ բերածի կարգավիճակում չհայտնվի»։

Պատգամավորը ներկայացրեց Հրայր Թովմասյանի քաղաքական ճանապարհի հաջողությունը․ «Հրայր Թովմասյանը կյանքում ՍԴ անդամ ու ՍԴ նախագահ չէր լինի, եթե անցած չլիներ Սերժ Սարգսյանի թրի տակով, սա է Հայաստանում քաղաքական առաջընթացի միակ ձևը»։