«Սուպերվարչապետական, միանձնյա համակարգ»․ խորհրդարանը քննարկում է «Կառավարության կառուցվածքը»

15:44, 6 մարտի, 2018

Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և մի շարք այլ նախագծեր Կառավարություն ներկայացրած փաթեթը։ Նախագծի առաջարկվող փոփոխություններից է նաև այն, որ կառավարության նիստերը լինելու են դռնփակ, և միայն վարչապետի որոշմամբ որոշ հարցերի քննարկումը կարող է լինել դռնբաց, հենց այս հարցին էլ անդրադարձան պատգամավորներից շատերը։ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, դիմելով նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, հետաքրքրվեց, թե նիստի օրակարգի հրապարակումը գործող պրակտիկայի շարունակությո՞ւնն է, թե՞ իրավական պահանջ։ Հարությունյանն արձագանքեց՝ կարգավորումն իրավական պահանջ է, նաև հավելեց. «ԱԺ հանձնաժողովում քննարկման ժամանակ դիտարկում է հնչել պատգամավորներից՝ պետք է հրապարակվի ոչ թե ցանկը, այլ նախագծերը՝ տարակարծություններից խուսափելու համար»։

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց՝ ում են հաշվետու լինելու կառավարության առընթեր մարմինները, կոմիտեները, ինչպես նաև հարցրեց, թե ի՞նչ տրամաբանությամբ է որոշվել Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը հանել, իսկ օրինակ սփյուռքի նախարարությունը պահպանել։ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ Սահմանադրությունն արդեն այդ հարցի պատասխանը տվել է, ըստ որի կան մարմիններ, որոնք ենթակա են կառավարությանը, վարչապետին կամ նախարարին։ Ինչ վերաբերում է կառավարության կազմին, ապա նախարարն ասաց, որ այն քաղաքական նպատահարմարության խնդիր է, թե որ նախարարությունները լինեն։

Թանդիլյանը հարցրեց նաև, թե ինչ նպատակ են հետապնդում դռնփակ նիստերը՝ կոչ անելով չասել, թե դա բանավեճ ապահովելու և ժողովրդավարության համար է։

«Եթե այդ տրամաբանությամբ մտածենք, եկեք խորհրդարանի նիստերն էլ փակենք, որ ավելի ժողովրդավար լինի»,- ասաց պատգամավորը։

«Ստիպված եմ նշել, որ էական տարբերություններ կան օրենսդիր ու գործադիր մարմինների միջև»,-արձագանքեց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ օրենսդիր մարմինը երբևէ չի գործում կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքով։

«Դրանով է պայմանավորված դռնփակ նիստեր անցկացնելու առաջարկությունը, այո, գործադիրում այն ժողովրդավարության տարր է դիտվում»,- ասաց Հարությունյանը։

Թանդիլյանը հակադարձեց՝ սա ժողովրդավարության հետընթաց է։

«Ակնհայտ է չէ, որ բանավեճը մինչ այդ նիստն է ձևավորվում, ես հետընթաց եմ դիտարկում, երբ այս պահին գործող իրավակարգավորումից հետընթաց քայլ ենք կատարում»։

«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն անդրադարձավ այն խնդրին, որ նախարարն առանց վարչապետի թույլտվության չի կարող իր դիրքորոշումը արտահայտել՝ նկատելով, որ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը` որոշ հարցերի վերաբերյալ որոշ պաշտոնյաներ, պետք է դիրքորոշում արտահայտեն առանց վարչապետի թույլտվության։ Դավիթ Հարությունյանը պատասխանեց՝ որևէ մեկը չի ամրագրել, որ նախարարը չի կարող դիրքորոշում ունենալ, բայց այն չի կարող դեմ լինել կառավարության որդեգրած դիրքորոշմանը։

«Եթե նախարարը հակառակ կարծիք է հայտնում, պարտավոր է հրաժարական տալ»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ ի տարբերություն խորհրդարանի, գործադիր իշխանությունում կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքն է գործում։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի գնահատմամբ՝ այս փոփոխություններով «սուպերվարչապետական, միանձնյա համակարգ է ներդրվում»։ «Նիստերը դռնփակ եք սարքում. ԱԺ աշխատակազմի ղեկավարը կարող է մասնակցել Կառավարության նիստին, պատգամավորը՝ ոչ, առանց վարչապետի թույլտվության նախարարը չի կարող տեղեկություններ հրապարակել, հնարավո՞ր է նախարարին հարց տանք՝ ասի չունեմ վարչապետի թույլտվությունը, այսինքն ընդամենը վարչապետի զինվորիկներն են լինելու` միահեծան իշխանության համար»,- ասաց նա։

Նախարարն արձագանքեց, որ սխալ է խոսել սուպերվարչապետության մասին, «ընդամենը շատ մեծ պատասխանատվություն է»։

«Անընդհատ խոսում եք դռնփակ նիստերի մասին, դա Կառավարության ներքին գործն է, դուք հետևե՞լ եք Կառավարության նիստերին, որևէ հետաքրքիր բան գտե՞լ եք, մի պահ պատկերացրեք, որ ձեր ֆրակցիայի նիստը լինի տեսախցիկների ներքո, ինչի՞ կվերածվի»,- ասաց Հարությունյանը՝ դիմելով Միրզոյանին։

Ինչ վերաբերում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի՝ կառավարության նիստին մասնակցելուն, Հարությունյանն ասաց, որ դա անհրաժեշտ է կառավարության և խորհրդարանի «գործողությունները սինխրոնացնելու համար», օրինակ արտահերթ նիստ հրավիրելու համար։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ հետաքրքրվեց, թե վարչապետի ու փոխվարչապետի հարաբերությունները մամուլի հետ ինչպե՞ս են կարգավորվելու։ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ դա կախված է հետագա որոշումներից, եթե վարչապետն ու փոխվարչապետները որոշեն, որ լինելու է մամուլի մեկ քարտուղար, ապա այդպես էլ կլինի։

«Հաստիքացուցակը սահմանափակ է, բյուջեն՝ ևս»,- մանրամասնեց Հարությունյանը։ Եսայանը հարցրեց, թե ինչպե՞ս է ձևավորվելու հաստիքացուցակը՝ լինելո՞ւ են քաղծառայողներ, թե՞ «փոխվարչապետն իր շրջապատից պետք է ընտրի»։

Նախարարը պատասխանեց՝ կլինեն ինչպես քաղծառայողներ, այնպես էլ հայեցողական պաշտոններ։