Փաշինյանը վստահեցնում է՝ ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանը բացակա է եղել, սակայն քվեարկել է

12:01, 7 մարտի, 2018

Խորհրդարանն արտահերթ նիստով քվեարկության ներկայացրեց քննարկված հարցերը։ Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, օրենքն ընդունվեց 64  կող, 32 դեմ ձայների հարաբերակցությամբ։

«Անվտանգության խորհրդի կազմավորման» մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբղջությամբ ընդունվեց 89 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ։ «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ ընդունվեց 64 կողմ, 8 դեմ, 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

«Հանրաքվեի մասին» նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ բանավեճ սկսվեց խորհրդարանում։ Քանի որ օրենքը սահմանադրական էր, ուստի ընդունվելու համար հարկավոր էր պատգամավորների 3/5-ի քվեարկութունը։

Ըստ քվեարկության՝ արձանագրվեց 64  կողմ, 33 դեմ ձայն։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ի վերջին շարքերում ոչ բոլորն էին ներկա, սակայն ըստ էլեկտրոնային քվեարկության պատկերի՝ քվեարկել են նաև բացակաները։ Փաշինյանը քարտուղարությունից վերցրեց քվեարկության պատկերը և հայտարարեց, որ ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանը բացակա է, սակայն նրա անվան դիմաց քվեարկություն է եղել։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արձագանքեց՝ պատգամավորները քվեարկությունից հետո դուրս են եկել դահլիճից, ուստի Փաշինյանը չի կարող պնդել՝ այդ պահին Արսենյանը դահլիճում է եղել, թե ոչ։ Փաշինյանն առաջարկեց տեսախցիկների միջոցով վերականգնել պատկերը՝ համոզվելու համար, որ Արսենյանը ներկա չի եղել, սակայն Բաբլոյանը չհամաձայնեց։

Փաշինյանը վարման կարգով արձագանքեց

«Մեր երկրի հիմնական խնդիրը սա է, որ առաջին դեմքերը, նայելով մեր աչքերի մեջ, սուտը որպես ճշմարտություն բրդում են»,- ասաց նա։

Վերաքվեարկություն այս հարցի վերաբերյալ այդպես էլ չեղավ, հարցը համարվեց ընդունված։

Հաջորդը քվեարկվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, այն ընդունվեց 63 կողմ, 32 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ներման մասին» նախագիծը՝ 63 կողմ, 31 դեմ ձայների հարաբերակցությամբ։