22 տարի անց Նորամարգը նոր համայնքապետ կունենա

11:06, 11 մարտի, 2018

Արարատի մարզի Նորամարգ համայնքում այսօր համայնքի ղեկավարի ընտրություն է։

22 տարի անց Նորամարգը նոր գյուղապետ կունենա։ 1996 թվականից համայնքը ղեկավարող ՀՀԿ-ական Սարգիս Գալստյանը այս ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրել։

Համայնքի ղեկավարի համար պայքարում են ինքնառաջադրված երեք թեկնածուներ՝ համայնքապետարանի առաջատար մասնագետ, ՀՀԿ-ական Արմեն Գևորգյանը, նույն կուսակցությունից, դպրոցի ուսուցիչ Արման Թադևոսյանը և անկուսակցական Արսեն Ղահրամանյանը։ Ի դեպ, Նորամարգում ու Դեբետում առաջադրվել են համապատասխանաբար 3 և 4 թեկնածուներ. ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 14 համայնքներից 12-ում քվեարկվելու են 1-ական թեկնածուի օգտին։

Համայնքապետ Սարգիս Գալստյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ համայնքապետի պաշտոնի համար չի առաջադրվել առողջական խնդիրների պատճառով։ Համայնքապետը համակրում է առաջադրված երեք թեկնածուներին էլ, չնայած նրա համար միևնույնն է, թե ով կընտրվի։ 

Գալստյանի համար դժվար է 22 տարի անց հրաժարվել ղեկավարի պաշտոնից, սակայն խոստովանում է, որ այն տաժանակիր աշխատանք է։ Համայնքապետը պաշտոնավարման 22 տարիների ընթացքում չի կարողացել գյուղն ամբողջությամբ ասֆալտապատել և գազաֆիկացնել։ Մասնակի աշխատանքներ արվել են, սակայն, նրա փոխանցմամբ, աշխատանքների հիմնական մասը չի իրականացվել։ 

Համայնքի համար առաջնահերթը փողոցների ասֆալտապատումն է։ Ս. Գալստյանն ասում է՝ արված ասֆալտն ամբողջությամբ քայքայվել է։ 

Կիսատ թողած գործերը Սարգիս Գալստյանը պայմանավորում է ֆինանսական միջոցների բացակայությամբ. «Համայնքի բյուջեն քիչ է։ Մեր սեփական եկամուտները 12 միլիոն դրամ են կազմում»:

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 19 համայնքներում, և ավագանու անդամի արտահերթ ընտրություն` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: