Երբ Հանրայինը «ազատ» լրագրողի «արդարության հետքերն» է հեռարձակում

23:15, 12 մարտի, 2018

Առաջին ալիքի եթերում դեռ անցած տարվանից հեռարձակվում է «Լավ երեկո» ժամանցային ծրագիրը, որի շրջանակներում ցուցադրվում է Արուսիկ Տիգրանյանի «Արդարության հետքերով» խորագիրը կրող «ռեպորտաժների» (հարց ու պատասխանների) շարքը։ Մի քանի օր առաջ մեկնարկեց նախագծի նոր եթերաշրջանը՝ համընկնելով Կանանց իրավունքների միջազգային օրվան։ Այս անգամ Արուսիկ Տիգրանյանի «ռեպորտաժը» «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից էր։

«ՀՀ քաղաքացիների մի որոշ տոկոսի համարյա զգալի մասն ազատազրկված է, իսկ նրանց համարյա կեսը կամ դրանից մի քիչ քիչը՝ կին։ Փաստերն ապշեցնող են, եւ ես, որպես ժողովրդավարական երկրի ազատ լրագրող, մտածեցի «Արուս, չազատազրկված կանայք մարտի ութին առանց այդ էլ մի լավ «տժժում» են, իսկ ո՞վ է լուսաբանելու այս կուռ, գաղութական պատերի ներսում ապրող կանանց մարտի ութը, եթե ոչ դու․․․ Հը՞ն»»։

Այս տեքստով համեմված սթենդ-ափին հաջորդում են լրագրողի «հարցերը». «Իսկական հայուհին ի՞նչ պետք է հագնի մարտի ութին», «Ձեզ մեր տեխնիկը որպես տղամարդ հետաքրքիր կարո՞ղ է լինել», «Հավատու՞մ  եք, որ կա սեր առաջին հայացքից», «Ինչ-որ խաղեր խաղում եք ընկերուհիներով․ մաֆիա խաղու՞մ եք, անուն-գոռոցի․․․»։

Գրեթե վեց րոպե տեւողություն ունեցող այս անդրադարձում «հումորային» տարրը, մեղմ ասած, բացակայում է։ «Ազատ լրագրող» Արուսիկի համար քրեակատարողական հիմնարկում հայտնվելու, կալանավայրում պատիժը կրող կանանց վրա «ղժժալու» անբացատրելի եւ անընդունելի նախաձեռնությունը բառիս բուն իմաստով ոտնահարում է մարդու արժանապատվության սահմանադրական իրավունքը։

«Ազատ լրագրող» Արուսիկը կարող է տեղյակ չլինել ՀՀ Սահմանադրությունից, լսած չլինի, որ մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից, կամ գուցե իսկապես մտքի ծայրով անգամ անցած չլինի, որ ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի եւ արժանապատվության հարգման իրավունք։

Հնարավոր է նաեւ աղջիկն իսկապես փորձում է իր վարած խորագրի ձեւաչափով «ղժժալ» նաեւ քրեակատարողականում՝ չմտածելով հնարավոր հետեւանքների մասին, բայց այս ամենը ոչ մի կերպ չի արդարացնում վեց րոպեանոց տեսանյութի բովանդակությունը, որը հեռարձակվել է։

Հանրային հեռուստաընկերությունը «հատուկ կարգավիճակ ունեցող պետական հիմնարկ է», որի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով։ Մարդու սահմանադրական իրավունքն ապահովելու նպատակով պետությունը ստեղծում է անկախ հանրային հեռուստառադիոընկերություն․․․ Եվ փաստորեն այդ անկախ հանրային հեռուստաընկերության «փրայմ-թայմ»-ում ցուցադրվող հաղորդումներից մեկը պիտի խոցելի խմբին հանրության աչքին էլ ավելի խոցելի՞ դարձնի։

Արդյոք Հանրային հեռուստաընկերությունը, որը «ղեկավարվում է օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով եւ ապահովում է խոսքի, խղճի ու ստեղծագործության ազատություն», պատասխանատվություն չի՞ կրում եթեր հեռարձակվող նյութի հետեւանքների համար։

Այս ամենին ի հակադրություն կարելի է ասել, որ ցանկացած ոք ունի խոսքի ազատ արտահայտման իրավունք, ցանկացած մեկը կարող է իր կարծիքն արտահայտել ազատորեն եւ անկաշկանդ պատասխան տալ ցանկացած հարցի, եւ, որ հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունն էլ արգելվում է օրենքով, բայց արժանապատվությունը պարզապես համապատասխան անձի անհատական արժանապատվությունը չէ: Այն պատկանում է յուրաքանչյուր մարդկային էակի հավասարաչափ` անկախ նրա հատկանիշներից, ունակություններից, ազգությունից, ծագումից եւ սոցիալական դրությունից․․․ Անկախ այն բանից, որ նմանատիպ «ռեպորտաժը» երկու-երեք օրվա ընթացքում կարող է ապահովել ցանկալի «ռեյտինգային» տվյալներ, 80,000-ից ավելի դիտողականութուն (սա դեռ միայն սոցցանցերում), դառնա քննարկման, ծաղրի, հարկի եւ անհարկի մեկնաբանությունների թեմա։

«Ազատ լրագրողին» «դուխ» տված նախաձեռնողները եւ քրեակատարողականի մուտքի արտոնագիր ապահովողներն ի՞նչ պատասխան կարող են տալ անազատության մեջ գտնվող կնոջ ամուսնուն, երեխային, հարազատին, ովքեր անակնկալի կգան՝ տեսնելով իրենց կնոջը եւ/կամ քրոջն ու մորը որպես ծաղրուծանակի առարկա։

Ի՞նչ պատասխան կարելի է տալ ՀՀ քաղաքացուն, ում՝ աշխատանքից գոյացած հարկերով պիտի երաշխավորվի Հանրային հեռուստատեսության անխափան եթերը։

Թե՞ մարտի ութի կտրվածքով «գաղութից» ռեպորտաժ անելն ու այդ կանանց ձայնը նման ձեւով «լսեցնելը» տեղավորվում է միայն «ղժժալու», «ռեյտինգ ապահովելու», «ազատ լրագրողին» քննադատության տակ դնելու սահմաններում։

Որպես ՀՀ քաղաքացի՝ ինձ համար անընդունելի  է, երբ վերականգնողական արդարադատությունը, որ շատ երկրներում ունի իր դրական փորձն ու արդյունքները, եւ որի արդյունքում նման խոցելի խմբերի կանայք կարող են հասարակության վերինտեգրվելու փորձեր անել, Հայաստանում, այն էլ Հանրային հեռուստաընկերության մակարդակով, խնդրահարույց է դառնում։

Ցավալի է, որ անազատության մեջ գտնվող կինն արտահայտում է իր կարծիքը նման ձեւաչափի հաղորդման շրջանակներում, եւ ցավալի է, որ արտահայտման ցանկությունը մեծ է, բայց հնարավորությունները սահմանափակ, իսկ արտահայտած նյութն էլ ակամայից ծաղրուծանակի թեմայի է վերածվում։

Անընդունելի է, որ հարկատուի գումարներով ապահովված Հանրային հեռուստաընկերությունը պատասխանատվություն չի կրում հանրային կարծիքի ձեւավորման, կարծրատիպային մոտեցումների, դրանց տարածման, խտրական վերաբերմունքի դրսեւորման սույն օրինակի համար եւ առանց հաշվետու լինելու շարունակում է լռել․․․

Իսկ այդ ամենի ֆոնին «ժողովրդավարական երկրի ազատ լրագրող» ներկայացող աղջիկը մեջբերում է «Բուտիրկայի» շանսոնից հատված ու, անազատության ցանցի հետեւից մատները սահեցնելով, ըստ երեւույթին մտածում, թե էլի մի հազար հոգու խինդն ու ծիծաղն ապահովեց։

Գլխավոր լուսանկարում՝ տեսանյութի կադրերից