Հրապարակվել է ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը

16:35, 19 մարտի, 2018

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է ընտանիքում բռնության ենթարկված անձանց ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության կարգը հաստատելու մասին նախագիծը:

Այն ներկայացված է իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am կայքում: Ըստ նախագծի՝ նախատեսվում է լիազոր մարմնին թույլատրել իրեն սպասարկող գանձապետական ստորաբաժնում անժամկետ բացել իր անվամբ արտաբյուջետային միջոցների հաշվեհամար՝ ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության տրամադրման նպատակով, ինչպես նաև թույլատրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչությունում անժամկետ օգտագործման իրավունքով բացել արտաբյուջետային միջոցների հաշվեհամար: Հաշվեհամարը տնօրինելու է լիազոր մարմինը, վերջինս մինչ յուրաքանչյուր տարվա հունվարի 30-ը համապատասխան ոլորտը համակարգող փոխվարչապետին է ներկայացնելու տեղեկատվություն հաշվեհամարի տնօրինման վերաբերյալ: Ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցություն տրամադրվում է պետական բյուջեի միջոցներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցներից: 

Ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրվում է ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով, հետևյալ դեպքերում՝

1. կենսապահովման նվազագույն կարիքները հոգալու համար,

2. բուժումը կամ առողջության վերականգնումը կազմակերպելու նպատակով մասնակի փոխհատուցման համար,

3. ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով մինչև վեց ամիս ժամկետով բնակելի տարածքի վարձակալության գումարի փոխհատուցման համար,

4. աշխատանքի տեղավորման նպատակով վերապատարստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար: 

Ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցություն տրամադրվում է ընտանիքում բռնության ենթարկված անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա:

Ֆինանսական աջակցություն ստանալու համար ընտանիքում բռնության ենթարկված անձը քարտուղարություն է ներկայացնում գրավոր դիմում, որում պետք է նշվեն իր տվյալները՝ բնակության վայրը, հեռախոսահամարը, ընտանիքում բռնությունից տուժած անձ հանդիսանալու հանգամանքը հավաստող փաստաթղթերը. դիմողի բանկային կամ բանկային տարանցիկ փոխանցումների հաշվի համարը և սպասարկող բանկի անվանումը, որին փոխանցվում է լիազոր մարմնի կողմից տրամադրվող գումարը և այլ փաստաթղթեր:

Եթե ընտանիքում բռնության ենթարկված անձն անչափահաս է կամ ունի հոգեկան խանգարում, ապա անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը, ինչպես՝ ծնող, որդեգրող, խնամակալ կամ հոգաբարձու:

Ընտանիքում բռնության ենթարկված անձին տրամադրվող ֆինանսական միջոցները փոխանցվում են գանձապետական համակարգի միջոցով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում:

Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի ձևավորման չափորոշիչները կարող եք կարդալ այստեղ:

Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին և հարակից օրենքների փաթեթը խորհրդարանն ընդունել է 2017 թվականի դեկտեմբերի 13-ին:

Լուսանկարը՝ Aifc.com-ի