«Ամեն ինչ կանեմ, որ մեր ազգը լինի ազատ և երջանիկ»․ նախկին ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ նախագահ

12:13, 21 մարտի, 2018

64 կողմ, 27 դեմ ձայների հարաբերակցությամբ Հրայր Թովմասյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ։ ԱԺ Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց քվեարկության արդյունքներըԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 94-ը, անվավեր է ճանաչվել երկու քվեաթերթիկ։

Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ է ընտրվել մարտի երկուսին՝ խորհրդարանում անցկացված փակ-գաղտնի քվեարկությամբքվեարկությանը մասնակցել էր 93 պատգամավոր, որից կողմ էին քվեարկել 64-ը, դեմ՝ 27-ը, երկու քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել։

Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին վստահության համար, ապա Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց» ստեղծագործությունից մեջբերում կատարեց

«Այն ժամանակ, երբ ազգն ապրել է արդարությամբ ու օրինականությամբ, կարգ ու կանոնով, եղել է ազատ ու երջանիկ»,- ապա շարունակեց,- ես վստահեցնում եմ, որ ամեն ինչ կանեմ, որ մեր ազգը լինի ազատ և երջանիկ։

ՀՀԿ անդամ Հրայր Թովմասյանը կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում էր ներկայացել մինչ ՍԴ անդամի քվեարկությունը՝ փետրվարի 22-ին։

Թովմասյանը 2010 թվականից զբաղեցրել է բարձր պաշտոններնախ նշանակվել է Արդարադատության նախարար, ապա սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ։