Շավարշ Քոչարյան․ «Նոր գործընկերային մակարդակի է բարձրացվում Հայաստանի և Եվրոմիության երկկողմ հարաբերությունները»

12:09, 22 մարտի, 2018

Կառավարությունն այսօրվա՝ մարտի 22-ի նիստում հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին» որոշումը։ Նախագիծը ներկայացրեց Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Շավարշ Քոչարյանը։

«Այս շրջանակային համաձայնագիրը կարևորվում է նրանով, որ նոր գործընկերային մակարդակի է բարձրացվում Հայաստանի և Եվրոմիության երկկողմ հարաբերությունները, և կոչված է դրանք կարգավորելու գալիք տարիների ընթացքում, այն ավելի ընդգրկուն է և համապատասխանեցվել է երկկողմ հարաբերությունների էությանը և խորությանը։ Համաձայնագրի դրույթները համապատասխանում են ինտեգրացիոն այլ ձևաչափերում Հայաստանի ստանձնած պարտավորություններին»,- ասաց փոխնախարարը՝ հիշեցնելով, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, սակայն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու այն պահից հետո, երբ վերջին պետությանը ծանուցվի, որ ներպետական գործընթացներն ավարտվել են։ Քոչարյանի խոսքով՝ այս փուլում ներպետական գործընթացներն ավարտվել են դեռևս միայն Էստոնիայում։

«Մյուս կողմից մենք ստացել ենք ծանուցում ԵՄ-ից առ այն, որ համաձայնագրի առանձին դրույթների ժամանակավոր կիրառման համար իրենք ավարտել են իրենց ներպետական գործընթացները, այսինքն համաձայնագիրը նախատեսում է, որ որոշակի հատված կարող է կիրառվել մինչև վերջնական ուժի մեջ մտնելը, բնական է՝ դա ենթադրում է, որ հնարավոր է անել միայն այն պահից, երբ Հայաստանն ավարտի իր ներպետական գործընթացները և ծանուցվի։ Մեր ծանուցվելուց հետո, երբ ստանանք հաստատում, հնարավորություն կլինի համաձայնագրի այն մասը, որը կարող է կիրառվել մինչ վերջնական ուժի մեջ մտնելը, արդեն սկսի գործել»,- մանրամասնեց Քոչարյանը։

Հարցի առնչությամբ խոսեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հետաքրքրվելով վիզաների խնդրի մասին, թե որ երկրների հետ են գործելու առանց վիզաների ռեժիմներ․ «Դուք պատրաստե՞լ եք այն երկրների ցանկը, որոնց հետ նախատեսում ենք այս տարի...»,- ասաց նա, ապա դիմելով Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանին՝ հետաքրքրվեց, թե արդյոք կոմիտեին դիմել է ԱԳՆ-ն այս հարցով, թե որ երկրների հետ կա ցանկություն «վիզային ռեժիմը թուլացնել»։

«Պարոն վարչապետ, մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք ԱԳՆ-ի հետ, ամեն ամիս տալիս ենք այն երկրների ցանկը, որոնց հետ ուզում ենք հեշտացնել վիզային ռեժիմը»,- ասաց Զեյթունցյանը։

Վարչապետը հանձնարարեց ներկայացնել այն երկրների ցանկը, որոնց հետ նախատեսվում է այս տարի վիզային ռեժիմը փոխել․ «Ես ձեզ հետո տվյալները կասեմ, մի քանի երկիր կա, որոնց հետ ռեժիմը փոխելը ուղղակի որևիցե վտանգ, խնդիր չի պարունակում, բայց ուշացնում ենք»,- ասաց Կարապետյանը։