Մոնթե Մելքոնյանի անվան փողոցի հարակից տարածում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավանը

12:27, 22 մարտի, 2018

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց մի որոշում, որով ներդրումային ծրագրի շրջանակում «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը հողամաս է օտարվելու:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացմամբ՝ Երևանի քաղաքապետարան է դիմել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ն, որն իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր: Այդ ծրագրերի շրջանակում Երևանում կառուցվում են բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրներ, որոնց բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվում են մի շարք բնագավառների՝ բնակարանի կարիք ունեցող երիտասարդ մասնագետներին:

Քաղաքապետի ներկայացմամբ՝ հաշվի առնելով մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու մեծ պահանջարկը և շուրջ 1200 երիտասարդ ընտանիքների կողմից ներկայացված դիմումները, որոշվել է ընդլայնել բնակարանաշինական ծրագրերի շրջանակը և մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել բոլոր կարիքավոր դիմումատուներին:

Որոշման համաձայն՝ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում շուրջ 6,57 հա մակերեսով հողամասը հողային օրենսգրքի սահմանած կարգով կադաստրային արժեքով կվաճառվի «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը։ Նշված տարածքում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավանը, որտեղ նախատեսվում է կառուցել շուրջ 1000 բնակարան, կանաչապատ հանգստի գոտիներ, մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման և հասարակական նշանակության տարածքներ։ Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 52 մլրդ դրամ՝ առաջիկա 3 տարիների ընթացքում ապահովելով շուրջ 2400 աշխատատեղ։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018թ․ ապրիլի 1-ին, իսկ ավարտը՝ 2021թ․ հուլիսի 1-ին։