ՊՆ-ն հրապարակել է ակադեմիական տարկետման իրավունք ստանալու համար ռազմական պատրաստություն անցնելու կարգը

19:31, 24 մարտի, 2018

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգի» մասին որոշման նախագիծը։ Այն ներկայացված է իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am կայքում։

Նախագծի համաձայն՝ սահմանվում են այն ռազմաուսումնական հաստատությունները, որտեղ օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիները կարող են անցնել զինվորական պատրաստություն:

Հիշեցնենք, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական փաթեթը, որով ակադեմիական տարկետում տրամադրելու հարցը խստացվում է։ Այսուհետ տարկետման իրավունք կարող են ստանալ միայն այն քաղաքացիները, որոնք ՊՆ-ի հետ կկազմեն քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՊՆ-ի կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին։

Ըստ նախագծի՝ իրականացվելու է դասակի հրամանատարների պաշտոնների համալրման պատրաստությունը՝ նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Լինելու են մոտոհրաձգային, հրաձգային կամ հրետանային դասակների հրամանատարների պատրաստման ծրագրեր: Զինվորական պատրաստության ժամկետը 2 տարի 6 ամիս է՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության 3-րդից 7-րդ կիսամյակների ընթացքում, համապատասխան ռազմաուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված դասացուցակով, սակայն ոչ ավելի, քան շաբաթվա մեկ օրվա ընթացքում 7 ժամ:

Բժշկական մասնագիտացում պահանջող պաշտոնների համալրման պատրաստությունն իրականացվելու է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում՝ ռազմաբժշկական պատրաստության ծրագրերով։ Այս զինվորական պատրաստության ժամկետը ևս 2 տարի 6 ամիս է՝ ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավարի կողմից սահմանված կիսամյակների ընթացքում և օրերին:

Զինվորական պատրաստության ուսումնական ծրագրերը մշակվում և հաստատվում են նախարարության կողմից: Զինվորական պատրաստության ընթացքում քաղաքացիները հանձնում են միջանկյալ ստուգարքներ: Զինվորական պատրաստությունն ավարտվում է ուսումնական ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում մինչև 30 օր տևողությամբ ուսումնական հավաքներով, որից հետո քաղաքացիները հանձնում են զինվորական պատրաստության գծով ավարտական քննություններ:

Նախագծում նշվում է նաև, որ զինվորական պատրաստության ընթացքում քաղաքացիներն ապահովվում են զինվորական համազգեստով, անհրաժեշտ ուսումնական նյութերով, սակայն քաղաքացիների կողմից զինվորական պատրաստությանը մասնակցելու տրանսպորտային ծախսերը չեն փոխհատուցվում: Զինվորական պատրաստության ներգրավման օրերին քաղաքացիներն ապահովվում են մեկանգամյա սննդով՝ համապատասխան ռազմաուսումնական հաստատության կուրսանտների համար նախատեսված կարգով։

Հրապարակվել է նաև մեկ այլ նախագիծ, որով սահմանվում են, որ ակադեմիական տարկետման իրավունքի և ՊՆ-ի հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կազմելու համար կարող են դիմել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող, ինչպես նաև հանրակրթական և հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողները

Ըստ այդ նախագծի՝ սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիների հաշվառման, նրանց ընտրության, ընտրության արդյունքներով հաղթող ճանաչվածների հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու և տարկետում տրամադրելու պայմանները, կնքվող պայմանագրի օրինակելի ձևը։ Նշվում է նաև, որ նախատեսվում է նշված քաղաքացիների ընտրության գործընթացն իրականացնել «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից: