Վարչապետը հանձնարարեց թերացած մարզպետարաններում կադրային փոփոխություններ անել

11:46, 29 մարտի, 2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 29-ի Կառավարության հերթական նիստը հանձնարարականներով սկսեց, որոնցից առաջինը վերաբերում էր մարզպետարանների գործունեությանը։

«Պետք է ընդգծել, որ մարզերի 2017 թվականի հաշվետվության ուսումնասիրման ու մարզային խորհրդակցությունների արդյունքում պարզ է դարձել, որ բոլոր մարզերում 2016 թվականի ցուցանիշների համեմատությամբ 2017-ին արձանագրվել է զգալի դրական աճ՝ այդ թվում գյուղատնտեսական, ֆինանսական, սոցիալական, ինչպես նաև շինարարության, աղբահանության ու այլ ոլորտներում»,- ասաց վարչապետը:

Կարապետյանը հանձնարարեց Տարածքային կառավարման ու զարգացման, Ֆինանսների նախարարներին ու մարզպետներին մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ մարզպետարանների տարեկան գործունեության ծրագրերը վերանայելու ուղղությամբ՝ մեծ ուշադրություն դարձնելով մեկ շնչին բաժին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճի ցուցանիշներին։ Վարչապետից հնչեց նաև հանձնարարական՝ ուղղված Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին ու բոլոր մարզպետներին յոթօրյա ժամկետում մարզպետարանների աշխատակազմի ու ենթակայությամբ գործող այն ոլորտներում, մարմիններում, որտեղ արձանագրվել են բացթողումներ, օրենքով սահմանված կարգով անդրադառնալ կադրային փոփոխություններին։

Մյուս հանձնարարականը վերաբերում էր ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման մեխանիզմներին: Վարչապետի խոսքով՝ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի անճշտություններ և անհամապատասխանություներ:

«Ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում ոլորտային կազմակերպությունների բնականոն գործունեության, այդ թվում սեփականության իրավունքի իրացման, ինչպես նաև ընդերքօգտագործման նկատմամբ համապատասխան պետական վերահսկողական գործառույթների իրականացման տեսանկյունից»,- ասաց Կարապետյանը: Նա հանձնարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին և Կառավարության աշխատակազմի ղեկավարին յոթօրյա ժամկետում մշակել և ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման աշխատանքների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ:

Երրորդ հանձնարարականը վերաբերում էր «Մաքուր Հայաստան» ծրագրին: Վարչապետը հիշեցրեց, որ ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի փետրվարի 16-ին, որի շրջանակներում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջագերատեսչական հանձնաժողովի կողմից կատարվել են մի շարք աշխատանքներ:

«Արդյունքում ունեցել ենք այս պատկերը. 2018 թվականի մարտի դրությամբ 2031 աղբահանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել է 1622-ը, դեռևս փակման ենթակա են 108-ը, բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում ևս նշանակվել են ծրագրի պատասխանատուներ: Աղբահանության պայմանագրի կնքման ու հավաքագրման մասով պայմանագրերի թիվը դեռևս բավարար ու ընդունելի չէ՝ չնայած դրական զարգացումներին»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հանձնարարեց Տարածաքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, մարզպետներին, ինչպես նաև առաջարկեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու համայնքների ղեկավարներին 10 օրվա մեջ մշակել «Մաքուր Հայաստան» ծրագրի նոր գործողությունների ծրագիր, սահմանել հստակ ժամանակացույց՝ ներառելով բոլոր շահագրգիռ կառույցներին։