Հայաստանի կառավարությունը մինչև 500 հազար եվրո դրամաշնորհ կստանա

12:16, 29 մարտի, 2018

Կառավարությունը հաստատեց որոշում, ըստ որի` Զարգացման ֆրանսիական գործակալությունը դրամաշնորհ կտրամադրի Հայաստանի կառավարությանը։ Համապատասխան որոշման նախագիծը նիստում ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին կտրամադրի մինչև 500 հազար եվրո դրամաշնորհ՝ Հարկային օրենսգրքի լիարժեք կիրարկումն ապահովելուն աջակցելու նպատակով»,- ասաց փոխնախարարը։

Համաձայնագրի տեքստում նշվում է, որ շահառուն Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի միջոցով մտադիր է իրականացնել համապատասխան գործողություններ՝ միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու համար, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու և հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու համար։