Անհատույց բնակարան՝ Սերժ Սարգսյանին

13:23, 29 մարտի, 2018

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց բնակարան նվիրել Սերժ Սարգսյանին: Հարցը, սակայն, չզեկուցվող էր։

Նախագծի որոշման մեջ գրված է՝ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց, որպես բնակարան, տրամադրել պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին։

Ըստ որոշման՝ հանձնարարվում է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Կառավարության աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը պաշտոնաթող նախագահ Սարգսյանին։ Որոշումն ուժի մեջ է մտնելու ապրիլի 9-ից՝ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում լիազորությունների կատարման վերջին օրը։

Լուսանկարը՝ president.am