«Նախագահական լյուքսում»․ երեք նախագահների դիմակները կրելու «սենյակը»

16:45, 29 մարտի, 2018

Ապրիլի 1-ին «Միրզոյան» գրադարանում տեղի կունենա Սամվել Սաղաթելյանի «Նախագահական լյուքսում» մուլտիմեդիա ինստալացիան, որի հիմքում Սաղաթելյանի 2015 թվականի «Երեքի դեկլարացիա» պերֆորմատիվ աշխատանքն է։

Մասնակիցները հնարավորություն կունենան Հայաստանի Հանրապետության երեք նախագահների պատկերով դիմակները (կիսադեմ) կրել իրենց դեմքին՝ հայտնվելով «իշխանական լյուքսում»։

Համադրող Էլլա Կանեգարիանը գրում է. «Դրսից նայողի համար իշխանությունը միշտ դիտարկվել է որպես ապամարդկային մի կառուցվածք, որն իր հերթին դարձնում է իր ներսում պարփակվածներին գերմարդ։ Գերմարդ, ովքեր ունակ են գործեր անելու եւ փոփոխություններ մտցնելու ամեն ինչի մեջ։ Գերմարդու հնարավորություններն են շատ, բայց նաեւ սխալներն են վտանգավոր։ Գերմարդիկ նրանք դառնում են մեր ընտրությամբ։

Բայց ի՞նչ է պատահում, երբ գերմարդիկ ճկվում են իրենց վրա դրված իշխանության բեռի տակ։ Նրանք դառնում են դեկորատիվ խորհրդանիշներ մի ուժի, որն իրենք չեն կարող օգտագործել։ Նրանք դառնում են կառույցի թուլացած օղակ, որը պետք է փոխել։

Սամվել Սաղաթելյանն իր վոյուրիստական հայացքով ուսումնասիրում է ուժի ու իշխանության բնույթն ու հրավիրում ներս՝ նայելու այդ վախենալու կոնստրուկտին ներսից ու դրսից»։

ցուցահանդեսի պոստերը

Վիգեն Գալստյանի «Նախագահական լյուքս» տեքստից

Հյուրանոցային սենյակում բազմոցին երեք տղամարդ է նստած՝ սեղանի շուրջ, որի վրա հավանաբար մինի բարի ապրանքներ են։  Տեսախցիկին ուղղված անտարբեր հայացքով նրանց կեցվածքը վկայում է ինչ-որ տեսակի ձանձրույթի մասին, իսկ նրանց դեմքերը մասամբ ծածկված են հետխորհրդային Հայաստանի երեք նախագահների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դիմանկարների պատճենով: Արվեստագետները` (ձախից աջ) Վաչագը, Սամվել Սաղաթելյանը եւ Սէվը, ովքեր կրում են այս շփոթեցնող «դիմակները», իրենց կարիերան սկսել են նույն ժամանակ, ինչ այս երեք առանցքային քաղաքական գործիչները, ովքեր խորը ազդեցություն են թողել մտավորականների այս խմբի կյանքի վրա: Երեքն էլ հեռացել են Հայաստանից Լոս-Անջելես 1990-ականների վերջին այն բանից հետո, երբ երեք նախագահների պաշտոնավարման օրոք ավելի ու ավելի ծանրացող տնտեսական պայմանները եւ անտարբեր մշակութային մթնոլորտը դժվարին խնդիր դարձրեց ստեղծագործական որեւիցե պրակտիկայի շարունակությունը»...

պերֆորմանսից

Ինստալացիայի նախապատմությունը դեռ 2015 թվականին Լոս-Անջելեսում իրականացրած պերֆորմատիվ ակտն էր, որին մասնակցում էիր դու, Վաչագ Տեր-Սարգսյանը եւ Սէվը։ Գաղափարն ինչպե՞ս առաջացավ, ինչու հենց այս երեք արվեստագետներով որոշեցիք կրել երեք նախագահների պատկերով դիմակները։

Սամվել Սաղաթելյան- Հասկացա, որ ինձ ավելի շատ հետաքրքրում են ոչ թե նրանք, ովքեր գտնվում են իշխանության բուրգի գագաթին, այլ այն, թե մենք ինչպես ենք վերաբերվում նրանց, ինչպես ենք հարաբերվում նրանց հետ։ Որպեսզի սա հասկանաս, պիտի քեզ նրանց շատ մոտ զգաս, բայց միեւնույն ժամանակ չնույնացնես քեզ եւ իրենց։

Այդ առումով հատկապես արվեստագետը, որպես իշխանության դիմակը կրող, շատ նպատակահարմար է, որովհետեւ մենք՝ արվեստագետներս էլ ենք ձգտում իշխանության, եւ հաճախ է պատահում, որ վերածվում ենք «համակարգի» պալատական արվեստագետի՝ մոտ գտնելով այդ գագաթին, որտեղ նրանք են։

Իշխանության մասին հիմա խոսում ես առհասարակ գլոբալ իմաստով, բայց եւ՛ պերֆորմանսը, եւ՛ ինստալացիան երեք դիմակ են ներկայացնում՝ ՀՀ երեք նախագահների պատկերով։

Ս.Ս.- Այս երեքն են ձեւավորել իշխանական այն համակարգը, որն առնչվում է իմ ծննդավայրին (հայրենիքին), որտեղ ապրում են իմ զավակները։ Բացի այդ, հետաքրքիր է պետության պատմական ձեւավորման ընթացքի կոնտեքստում... Եվ վերջապես արվեստի տեսանկյունից նրանց ստեղծած իշխանական համակարգին անդրադառնալու ժեստ է, դիտանկյուն։

Նրանք ակնհայտ օրինակներն են այն բանի, թե ինչպես է «հում» մի տարածքում, «խամ» տեղում ձեւավորվում իշխանական նմանատիպ կառուցվածքը, որի հիմքերում, իհարկե, կա նաեւ Սովետի իրականության մեջ մեր գոյատեւման ձեւն ու դրանից առաջ ունեցած ազգային գոյատեւման օրինակները։ Անկախությունը, փաստորեն, բերեց այս կառուցվածքին, որը հաստատվեց երեք նախագահների անմիջական մասնակցությամբ։ Այլ կերպ ասած՝ այս երեք նախագահներով կոնկրետ արտահայտվել է միակենտրոն, «միագագաթանի» իշխանական համակարգը։

Իշխանության կրողը, որը «միակենտրոնություն» է ապահովում, «դեկորատի՞վ» է այս դեպքում։

Ս.Ս.- Ըստ երեւույթին, այո, որովհետև ինքն իրենից չի կախված միայն. այսինքն՝ ինքն էլ անմիջապես մեծ տերության ազդեցության տակ է գործում, բայց նույնիսկ այս դեպքում, երբ դիտարկենք, որ ինքն այլ գերտերության ազդեցությունն ունի, այնուամենայնիվ, ներսում կենտրոնաձիգ մի համակարգ է ստեղծում, որը կարողացել է գոյատեւել անկախության պատմության ընթացքում։

Առաջին նախագահի ժամանակ թվում էր, թե բազմագագաթանի իշխանական բրգի հետ գործ ունենք. ըստ իս, երկրորդի դեպքում էլ տպավորություն կար, որ միահեծան չէր, բայց կոնկրետ երրորդի ժամանակ արդեն կայացավ մի գագաթանի, տարբեր շերտերից ձեւավորված, արդեն կարծրացած համակարգային իշխանական կառույցը։ Մեծ հաշվով, հենց դրանում է ճգնաժամային իրավիճակը։

Պետք է ասեմ, որ վաղուց է, ինչ ինձ հետաքրքրում են կառավարման վերտիկալ բրգաձեւ համակարգերը, որոնք կոնցեպտուալ առումով տղամարդկայինի դոմինանտության վրա են հիմնված (controling), ինչն անխուսափելիորեն բերում է ավտորիտարիզմի... Իմ հետագա նախագծերի նյութը լինելու է բրգաձեւ համակարգի հաղթահարումը կանացի գործոնը ներմուծելու հաշվին (sharing and caring): Սա ըստ էության համընդհանուր (կամ համաշխարհային) ճգնաժամ է դարձել վաղուց, բայց արդեն քննարկման առանձին նյութ է։

Համադրելի ե՞ն արդյոք երեք նախագահների դիմակներն ու երեք արվեստագետները, ովքեր անկախության ձեւավորման ուշ շրջանում արդեն Հայաստանում չէին։

Էլլա Կանեգարիան- Շատ հեշտ համադրելի են, որովհետեւ դիմակները ֆիգուրատիվ են եւ միեւնույն ժամանակ կոնտեքստային։ Կապ չունի՝ դու անկախության տարիներին թողել, գնացել ես, թե մնացել ես, դու մինչանկախությունն ես միայն տեսել, թե նաեւ հետոն... Մեկ է՝ այս ֆիգուրների հետ քո առնչությունը կա, ինչպես Համլետի հոր ուրվականը։

Եթե դու քեզ «ապաքաղաքական» ես համարում եւ ինչ-որ իմաստով քաղաքական «ապատիայի» մեջ ես, նույնիսկ այդ կոնտեքստում առնչություն ունես քաղաքականությանը, եւ դիմակը նորից համադրելի է։

Եթե հաշվի առնենք Սաղաթելյանի նախկին ցուցահանդեսների կոնցեպտները, «ընդհատակյա արտիստի» որակավորում ստացած էպոտաժային կերպարը, ապա այս դեպքում ինքն ուղիղ ձեւով գագաթից «իջեցնում է» գործող անձին ու «դնում» մյուս գործողի՝ լսարանի, մասնակցի դեմքին։ Անկախ նրանից, որ դեկորատիվ է, գործողությունն ուղիղ է այս անգամ։

Սամվելի գործունեության դաշտը միայն կոնցեպտուալ կամ ֆիգուրատիվ արվեստով չի սահմանափակվում. ինքը նաեւ տեքստերի հետ է խաղում. համադրողը, տարածքը, դիտողն ու մասնակիցն էլ են դրա մասը դառնում։ Ինքը բավականին ինքնավստահ կերպով է այս դաշտից մյուսը մտնում, ամեն գործի հնչեղությունն ապահովում է, որովհետեւ ավելի բացահայտ է անում մանիպուլացիան՝ խաղի մասնակիցը դարձնելով լսարանին։

Կարո՞ղ եմ ենթադրել, որ լսարանը արվեստագետի «պրովոկացիային» է ենթարկվում։

Ս.Ս.- Ինչու՞ ոչ։

Է.Կ.-  Ինչ-որ առումով՝ այո, ենթարկվում է, որովհետեւ պրովոկացիան բերում, հանգեցնում է մի կետի, որտեղ կոնֆլիկտ կարող է առաջանալ, իսկ կոնֆլիկտը (անկախ մասշտաբներից), բերում է սահմանի նշման։ Եթե երկու կողմերի միջեւ կոնֆլիկտ է առաջանում, ամեն մեկը սկսում է թելադրել կամ գոնե մատնանշել իր պայմանները։

Նման կոնֆլիկտից խուսափելը հենց այն է, ինչ մենք անում ենք անկախությունից սկսած. փորձում ենք չգնալ կոնֆլիկտի, այդպես չթելադրել նաեւ մեր պայմանները, դուրս չգալ հարմարավետության մեր զոնայից... Հիմա Սամվելը, թեկուզ «պրովոկատիվ» կերպով, բայց փորձում է «հետ բերել» սրությունը՝ «ստիպելով» խոսել քո սահմանների խախտման մասին։

Ստացվում է նաեւ, որ Սամվելը խախտում է այդ «հարմարավետության զոնան» ու մարդուն բերում մի այլ զոնա, որից հետո ինքն այլեւս պատասխանատու չէ՞։

Ս.Ս.- Պատասխանատվության խնդիր չի. մարդը մասնակից է դառնում մի պրոցեսի, որի ընթացքում գուցե հնարավորություն ունենա հանդիպելու իր ներսի «ազատ» մարդուն։ «Դու քեզ չես տարանջատում ինչ-որ բանից, որի մեջ ես». սա է դառնում ցուցահանդեսի կոնտեքստը։

Ես ինքս ինձ չեմ տարանջատում ոչ մի բանից՝ լավից, վատից, սիրունից, գեշից... Առհասարակ ոչ մի բանից չեմ տարանջատում, ինչ-որ տեղ բուդդիստական մոտեցում է, բայց չի նշանակում, որ նույնացնում եմ ինձ այս կամ այն երեւույթի հետ։ Երբ որ քեզ չես տարանջատում ինչ-որ երեւույթից, իրեն արդեն քո մեջ ես տեսնում, իսկ երբ քո մեջ տեսնես իրեն, այդ ժամանակ է, որ կկարողանաս հարաբերվել, սիրել կամ այլ կապ զգալ։

Արեւելյան մարտարվեստի օրինակով. եթե հակառակորդ է դիմացդ կանգնած, ու դու իրեն քո մեջ չես տեսնոմ, չես կարող գործողության գնալ, առավել եւս՝ հաղթել։

Նման դեպքում ներքին պատրաստվածության հարց կա. անփորձ կռվողը կամ այս դեպքում՝ցուցահանդեսի մասնակիցը, կարող է նույնացման վտանգի առաջ կանգնել։

Ս.Ս.- Լեռնային լիճը ո՞նց է. երբ մակերեսը շատ հանդարտ է (իսկ այդ հանդարտությունը խորքից է գալիս), արտացոլում է ամեն բան՝ չկրելով, մաս չդառնալով։ Մարդն էլ, երբ ունի այդ խորությունը, եւ միտքն էլ հանգում է դրան, կարողանում է խնդիրներին հարաբերվելու լուծումներ եւ ձեւեր գտնել։

Նույն մարտարվեստներում նետաձիգը նետի արձակման մի առանձին ձեւ ունի. ինքը կանգնած է թիրախի դիմաց, մեդիտատիվ վիճակի է իրեն բերում եւ հասցնում այն աստիճանի, որ իր եւ կետի միջեւ տարածությունը վերանա։ Հենց վերացավ այդ տարածությունը, ուղիղ թիրախավորման հնարավորություն կա։

Ուզում ես ասել, որ քո եւ իշխանության միջեւ հեռավորությունը հաղթահարվա՞ծ է։

Ս.Ս.- Կարելի է նաեւ այդպես ասել։ Խոսքը ստեղծագործողի եւ մարդու ազատության մասին է։ Արվեստագետը նույնպես, ինչպես արդեն նշեցի, իշխանության կամ ազատության է ձգտում, ուղղակի նրա մոտ դա դեռ չի առնչվում լիմիտավորված ինքնության հետ։

Այսի՞նքն։

Ս.Ս. - Այսինքն ինքը կոնկրետ նեղ անձնական լիմիտացված ինքնության հետ չի առնչվում․ առնչվում է շատ ավելի մեծ, համապարփակ ինքնության հետ...

Էլլա՞, դու ինչ ես կարծում։

Է.Կ.- Կարծում եմ՝ արվեստագետն առնչություն ունի իշխանության հետ. չկա «չքաղաքական» բան, ամեն ինչ քաղաքական կոնտեքստ ունի։ «Ապաքաղաքական» դիրքից խոսելը նույնպես քաղաքական կոնտեքստ է կրում, եւ առնչության ձեւ է։ Երբեմն դա գիտակցվում է, երբեմն՝ ոչ։ Գիտակցված դիրքից խոսելը ավելի հանգիստ է դառնում. արվեստագետը խոսում է մետաֆորիկ, բայց իր կոնտեքստից չի կտրվում։ Սաղաթելյանի դեպքում այդպես է։

Ինչու՞ «Նախագահական լյուքսում»։

Ս.Ս.- Իշխանության հատուկ «սենյակում» ենք լինելու, ներսում։

Է.Կ.- պատկերացումներն են այդպիսին, որ այդ տեղը «լյուքս» է։ Երեւակայում ենք, որ նրանք ամենալավն են ուտում, ամենալավն են հագնում, ամենաթանկ հյուրանոցներում են մնում։ Ցուցահանդեսի անվանումը Վիգեն Գալստյանի տեքստի վերնագիրն է՝ «Նախագահական լյուքս», որից «լյուսքը» վերածել ենք տեղի՝ տալով ներսում լինելու հնարավորությունը։ Բոլորն ուզում են փորձել իշխանական դիմակը, Սամվելն էլ ասում է՝ եկեք, մտեք այդ «սենյակ» ու նայեք ձեզ այդտեղ, զգացեք ձեզ «լյուքսում»։

Դիմակը կրողը կարող է իրեն ոչ թե ներսում զգալ, այլ վերապրել կամ ապրել իշխանության գործողությունը։

Է.Կ.- Հնարավոր է։ Կան նաեւ թղթապանակներ իշխանական ստրուկտուրաների տեսքով, որոնք փակ են, ու դու պիտի բացես, դրա միջոցով էլ գտնես քեզ, մտնես դրա մեջ։ Դրսից, եթե նայեր, քո ասածը տեղի կունենար։

Ս.Ս.- Դիմակները հետո մտնելու են դարակների մեջ։ Այսինքն՝ մենք փակում ենք այս շրջանը, այս երեքի կառավարման շրջանը։ Այդ թղթապանակների մեջ էլ մեզնից թաքցված է, եւ նաեւ կարտոֆիլներ, որոնք գոյատեւման սիմվոլներն են։

Խաղի պես է. «մի պահ կրճատիր հեռավորությունը դեկորատիվ դեմքով, ապա դիր դարակը»։

Ս.Ս.- Դիմակներ փորձելու պահն է կարեւոր դառնում։ Նկատել եմ, որ ամեն մեկի վրա հետաքրքիր կերպ է ընկալվում։ Երբ դեմքի կեսը ծածկվում է իշխանության ֆիգուրի դեմքի մյուս կեսով, երեւում է մարդու «հրեշային» կողմը, փոխվում է դիմագիծը, փոխվում է կերպարը։ Էներգետիկ կապի պահ է ստեղծվում, որը գուցե իշխանության հետ ունեցած կապի բացահայտման հնարավորություն է տալիս։

Է.Կ.- Դրա համար մարդիկ ուզում են կրել դիմակները քո ասած խաղի մաս դառնալու համար, մյուս կողմից էլ «վախենում» են, քանի որ ապամարդային տարրեր են տեսնում։

Եթե մենք հիմա այստեղ նստած խմում ենք Ամերիկայում, Ռուսաստանում կամ մեկ այլ երկրում արտադրված ըմպելիք, արդեն որոշակի կրողն ենք մի բանի, որից խզում չենք կարող ունենալ լայն իմաստով։ Ասածս ինչ է, որ նախագահի կամ մեկ այլ պաշտոնյայի դեմքը միայն սիմվոլ է, իսկ իշխանության հետ ունեցած հարաբերության ճշգրտումն այդ իմաստով ֆիգուրատիվ չի։

Է.Կ.- Կրողներն են ֆիգուրատիվ, հա, բայց իշխանությունն ամեն տեղ կա, ճիշտ ես։ «Չկա» այն ժամանակ, երբ ուղղակի չենք գիտակցում, թե չէ մեր խոսելու ժեստից սկսած մինչեւ մեր կերածն ու հագածը կրելու նշաններ են, որոնք երեկ չի որ մտել են, տարիներ շարունակ սողոսկել են քո մեջ։

Եվ այո, իշխանության ֆիգուրները, ում դեմ դու ընդդիմանում ես, դեկորատիվ են, իրենք չեն, որ փոխել են քեզ. նրանք մարդիկ են, ովքեր կրում են այդ փոփոխությունների պատասխանատվությունն իրենց վրա։ Մի ծիծաղելի պատմություն կա, որն ասածս ավելի լավ կբնութագրի։ Սամվելն ականատես է եղել։

Ս.Ս.- Կոնկրետ դեպք է, որ տեղի ունեցավ երթուղայինում։ Վարորդը շատ արագ էր վարում, մի տղա դիտողություն արեց, նա էլ պատասխանեց, մի խոսքով «դեբոշ» դարձավ, արդեն քֆուրներ, լեզվակռիվ... Ամեն ինչ խաղաղվեց այն ժամանակ միայն, երբ երկուսն էլ սկսեցին «քրֆել» իշխանություններին։

Է.Կ.- Ու այդտեղ կապն է հետաքրքիր. ուղեւորն ասում է՝ ինչի ես արագ քշում, վարորդը պատասխանում է, որ փող աշխատեմ, բոլորիդ տեղ հասցնեմ, պլանս կատարեմ, ուղեւորն էլ ասում է՝ փողի համար մեր «գլուխն ես ուտելու», նա էլ թե՝ որ նորմալ փող տային, այդպես չէի քշի... Ու բոլոր կապերով՝ տնտեսական ճգնաժամով, իրավիճակի խնդիրներով, տրանսպորտի վատ վիճակով եւ այլն, հասնում է մինչեւ նախագահ... Բայց հասկանալի է, որ եթե նույնիսկ Միկի Մաուսը լինի նախագահ, մեկ է, անվերջ անլուծելի խնդիրներ կան, որոնք տարիներով կուտակվել  են, որոնք նաեւ դարերով եկած հոգեբանական ու էքզիստենցիալ խնդիրներ ունեն իրենց մեջ... Եվ վերջում «մեղավորն» էլի Միկի Մաուսն է։

Ինչ-որ առումով փաստորեն ինստալացիան տանում է նաեւ նրան, որ իշխանության կրողն էլ, որպես այդպիսին, «մեղքի մեծ բաժին չունի». ամեն բան պտտվում է օբյեկտի շուրջ, բայց օբյեկտն ինքն էլ համակարգային խնդրահարույց պրոցեսների մեջ է։

Է.Կ.- Նայած որ կողմից նայես հարցին։ Եթե խոսում ես դրա մասին, նայիր քեզ դիմակով, տարբեր դիտանկյունների հնարավորությունները քեզ դիրքորոշման շանս են տալիս, նաեւ մտաբերելու, թե դու ինչ-որ բան արել ես արդյոք, որ ինքն ընտրվի նախագահ, թե առհասարակ ժողովրդավարական պրոցեսների մաս չես դարձել՝ այդ կերպ եւս հարաբերվելով դրա կայանալուն։

ՀԳ Ցուցադրվող «Նախագահական լյուքս» տեքստը՝ Վիգեն Գալստյանի, վիդեոմոնտաժը՝ Արթուր Պետրոսյանի, ձայնային ապահովումը՝ Ժոզեֆ Զաքարյանի։

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ապրիլի մեկին՝  19։00-ին, «Միրզոյան» գրադարանում։

Լուսանկարները տրամադրել է ցուցահանդեսի համադրող Էլլա Կանեգարիանը։

Գլխավոր լուսանկարում՝ արվեստագետներ Սամվել Սաղաթելյանը, Վաչագ Տեր-Սարգսյանը, Սէվը («Երեքի դեկլարացիա» պերֆորմանս, Լոս-Անջելես, 2015թ.)։