Սեռով պայմանավորված բռնությունների կանխարգելման հավելված հայաստանյան ընկերությունից՝ հասանելի ամբողջ աշխարհին

13:01, 3 ապրիլի, 2018

Հայաստանյան «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը մշակելու է հավելված՝ սեռով պայմանավորված բռնությունները կանխարգելելու համար․ հավելվածը հասանելի է լինելու ամբողջ աշխարհում։

Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն։ Հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Եվրոպան և կենտրոնական Ասիան ներկայացնող «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ բջջային հեռախոսի ստեղծման հավելվածի իր առաջարկով։ ՀԲ-ն և Սեռական բռնությունների հետազոտության նախաձեռնությունը 100 հազար ԱՄՆ դոլար կտրամադրեն հայկական ընկերությանը, որպեսզի մինչ 2019-ի մայիս ամիսը հավելվածն արդեն պատրաստ լինի։

ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի խոսքով՝ ընկերությունը բջջային հեռախոսների հավելված և թվային տեխնոլոգիա է մշակելու, որպեսզի կանանց իրական ժամանակով աջակցություն տրամադրվի։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ ամբողջ աշխարհի կանանց 35%-ը կյանքի ընթացքում ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվել։ «Շատ կարևոր է, որ տվյալներ հավաքագրվեն, որպեսզի հետագայում քաղաքականության մակարդակով կարողանանք հիմնավորված որոշումներ կայացնել,- ասաց Սիլվի Բոսութղոն՝ մանրամասնելով, -կցանկանայի նշել` որ հետազոտությունները ցույց են տալիս, որ սեռով պայմանավորված բռնությունները կարող են երկրների համախառն ներքին արդյունքի մինչև չորս տոկոսը արժենալ՝ իր արտադրողականության կորստի տեսքով»։

Բանախոսի ներկայացմամբ՝ մրցույթը մեկնարկել է դեռևս 2015-ին, այն նվիրված է ՀԲ-ի աշխատակիցներից մեկի դստեր հիշատակին, որը ևս, սեռով պայմանավորված, բռնության զոհ է եղել։ «Սեռով պայմանավորված բռնությունը գլոբալ հիմնախնդիր է, որը չի ճանաչում սոցիալական, տնտեսական, ոչ էլ պետական սահմաններ»,- ասաց նա։

ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի խոսքով՝ զարգացած աշխարհում բջջային հեռախոս կիրառում են գրեթե բոլորը. «պրուդուկտը մշակվելու է Հայաստանում, սակայն օգտագործվելու՝ ամբողջ աշխարհում»։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ սեռով պայմանավորված բռնություններ ասելով՝ նկատի ունեն ոչ միայն ֆիզիկական կամ սեռական բռնության դեպքերը, այլև հարաբերությունները տանը, աշխատավայրում (ինչպես աշխատելու հնարավորությունը՝ պայմանավորված անձի սեռով)։

«Ճապոնիայում հետազոտություն են կատարել, ըստ որի՝ եթե կանանց ևս 20 %-ն աշխատի, իրենց ՀՆԱ-ն 10 տոկոսով կաճի։ Հայաստանում ևս խնդիրն առկա է, այդ մասին են վկայում տարբեր ուսումնասիրություններ, սպեկտորը շատ լայն է, ոչ միայն ֆիզիկական բռնության մասին է խոսքը, այլ ընտանիքում կամ աշխատավայրում տղամարդու դոմինանտության։ Իրականում խնդիրը չուսումնասիրելով՝ չենք կարողանում այն լուծել։ Մեր հիմնական շեշտադրումն է՝ գտնել լուծում, որով կարողանանք բացահայտել իրական քանակը, խնդիրների ուղղվածությունը և նրանց աշխարհագրական դիրքերը։ Տուժածներն այսօր հիմնականում չեն խոսում իրենց խնդիրների մասին»,- ասաց Ենգիբարյանը։

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրենի խոսքով՝ փորձելու են առանց մարդուն բացահայտելու «կարողանալ գտնել իրական խնդիրը և իրական վայրը»։

Թե ինչ տեսք կունենա հավելվածը, մարդիկ ինչպես կարող են օգտվել ծրագրից՝ բանախոսներն առայժմ չմանրամասնեցին։