Վարչապետը երկու նստավայր կունենա՝ Բաղրամյան 26-ում և Կառավարությունում

14:29, 5 ապրիլի, 2018

Հաջորդ վարչապետն ունենալու է երկու նստավայր՝ Կառավարության ներկայիս շենքը և գործող նախագահական նստավայրը՝ Բաղրամյանի 26 հասցեում տեղակայված շենքը։

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Վարչապետը Կառավարությունում ևս ունենալու է նստավայր, որովհետև կառավարության անդամների հետ թերևս առավել արդյունավետ աշխատանք կարող է իրականացվել այստեղ», - ասաց նախարարը։

Հարությունյանի խոսքով՝ կարիք կա նաև մեկ այլ նստավայրի

«Նոր Սահմանադրությամբ վարչապետի հնարավորություններն այն աստիճանի են ընդլայնված, որ գործող նախագահի լիազորությունների զգալի մասն իրականացվելու է վարչապետի կողմից ու զուտ կառուցվածքային ու ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար», - ասաց Հարությունյանը՝ կոչ անելով չզարմանալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հետք»-ի հետ զրույցում նախարար Հարությունյանն ասել էր, որ Կառավարությունում հավատարմագրված լրագրողների հավատարմագրերը կարող են գործել նաև դռնփակ նիստերի դեպքում։ Նիստը լինելու է փակ, սակայն օրակարգը տեղադրվելու է, իսկ նիստի ավարտին նախարարները ճեպազրույցներով են հանդես գալու։