«Հայաստանն աղքատությունից դատարկվում է, իսկ կաթողիկոսը 5 կգ ոսկուց գավազան է հրճվանքով նվեր ընդունում»

16:08, 10 ապրիլի, 2018

«Հետք»-ի ընթերցողներից մեկը բաց նամակ է ուղարկել՝ ուղղված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Նամակին կցված է նաև տեսանյութ: Այն ներկայացնում ենք ստորև.

«Վեհափառ տեր,

Համացանցում հայտնված տեսանյութը, թե ինչ հրճվանքով եք 5 կգ ոսկուց ձուլված գավազան նվեր ստանում ռուսաստանաբնակ ոմն Գարուն Քոչարյանից, զարհուրանքից բացի այլ զգացումներ չի՛ կարող արթնացնել:

Այն ժամանակ, երբ Ձեր հոտի մի ահռելի մասը գոյատևելու տարրական միջոցներից է զրկված, երբ հայությունը կանգնած է այսքան մարտահրավերների առջև, Դուք, ամբողջովին կտրված իրականությունից, քաջալերում եք նմանատիպ նվերները և Ձեր մտքով իսկ չի անցնում հորդորել հարուստ հայերին այդ գումարները ծախսել առավել կարիքավոր ուղղություններով:

Դուք խրախուսում եք այս արատավոր մոտեցումները՝ Ձեզ  նվերներ շռայլողներին «բարերար» կոչելով և խաղալով նրանց փառասիրության նուրբ զգայարանների հետ: 

Հենց նման մոտեցումներով է, որ վանում եք հավատացյալներին Հայ առաքելական եկեղեցուց»:

Արսեն Սարգսյան, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ

Երևան


«Շողակաթ» հեռուստաընկերությունը ապրիլի 2-ին հայտնել է, որ ազգային բարերար, ռուսաստանաբնակ ոսկերիչ և գործարար Գարուն Քոչարյանին Ամենայն հայոց հայրապետն ընդունել էր մեկ շաբաթ առաջ: «Բարերարն իր տիկնոջ՝ Սոնյա Քոչարյանի հետ հայրապետական խորհրդանիշերով զարդարված նոր գավազան է նվիրել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Այն եզակի է, ստեղծվել է մեկ օրինակով և բացառիկ էսքիզներով: Նոր գավազանը Վեհափառի ձեռքին էր զատկական պատարագին: Այնուհետև այն իր տեղն է գրավել Մայր Աթոռում պահվող կաթողիկոսական գավազանների կողքին»,- նշում է «Շողակաթ» հեռուստաընկերությունը: