Արարատ Միրզոյան․«Եթե հեշթեգը գետնին ներկելուց տանում են ոստիկանություն, ուրեմն լինելու են հակագործողություններ»

22:25, 10 ապրիլի, 2018

ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» շարժման անդամ Արարատ Միրզոյանը համոզված է՝ քաղաքացիական ակտիվիստ Անուշ Լալայանի իրականացրած ակցիան՝ արագաչափը վարտիքով փակելը, պարզապես քաղաքացիական անհնազանդություն է և ոչ թե վարչական իրավախախտում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Միրզոյանը։ Հիշեցնենք, որ Լալայանը մեզ հետ զրույցում ասել էր, որ արագաչափից վարտիք է կախել՝ այդ կերպ արտահայտելով իր դժգոհությունը իշխանություններից։

«Սերժ Սարգսյանը և իր կլանն այդ ամբողջ տարիների ընթացքում կեղեքում ու թալանում են ժողովրդին, ու մարդկանց թողել են միայն մի վարտիքով: Ես էլ հանեցի վերջին վարտիքն ու տվեցի նրանց, որ ուղղակի գնան», - ասել էր Լալայանը։

«Այն միանշանակ քաղաքացիական ակցիա է՝ ուղղված ժողովրդին ապօրիանաբար թալանելուն։ Եթե իրենք դրանից հետո սկսելու են ակտիվիստներին հետապնդել, տույժեր նշանակել, իհարկե դա դատապարտելի է, և մենք ի պաշտպանություն Անուշ Լալայանի, արդեն հինգ արագաչափ փակել ենք մեր շարժման ստիկերներով»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Պատգամավորի համար զարմանալի է, որ ոստիկանությունը բերման է ենթարկում իրենց շարժման ակտիվիստներին միայն նրա համար, որ գետնին ներկում են շարժման հեշթեգը։

«Ես չեմ հասկանում ներկելուց ասֆալտը ո՞նց է փչանում»,- ասաց Միրզոյանը։

Պատգամավորը վստահեցրեց՝ արագաչափերը ստիկերներով փակելով իրենք որևէ կերպ գույքը չեն վնասում։

«Մենք գիտենք, որ մեզնից հետո գալու են այդ ստիկերները հանեն, դա ուղղակի ակցիա է, վերաբերմունքի դրսևորում»,- մանրամասնեց պատգամավորը։

Միրզոյանի խոսքով՝ իրենք շարունակելու են խաղաղ անհնազանդության շրջանակներում ակտիվ գործողություններ կատարել։

«Եթե հեշթեգը գետնին ներկելուց տանում են ոստիկանություն, ուրեմն լինելու են հակագործողություններ»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի