Խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

11:15, 11 ապրիլի, 2018

Խորհրդարանն 95 կողմ ձայնով վավերացրեց 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը։

ԱԺ ներկայացված նախագծում նշվում է, որ այս համաձայնագիրը փոխարինելու է 1999թ.-ից գործող «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրին, որի գործողության ժամկետը սպառվել է դեռեւս 2009-ին, և այն շարունակաբար երկարացվում էր։

«Շրջանակային նոր համաձայնագիրը կարևորվում է նրանով, որ նոր՝ գործընկերային մակարդակի է բարձրացնում ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները, և կոչված է դրանք կարգավորելու գալիք տարիների ընթացքում։ Այն ավելի ընդգրկուն է և համապատասխանեցվել է երկկողմ հարաբերությունների էությանն ու խորությանը։

Համաձայնագրի դրույթները համապատասխանում են ինտեգրացիոն այլ ձևաչափերում Հայաստանի ստանձնած պարտավորություններին»,-ասված է փաստաթղթում։