Գագիկ Ծառուկյանի նվիրած մեքենաներն ամրացվեցին բնապահպանության նախարարությանը

12:44, 12 ապրիլի, 2018

Այս տարվա փետրվարին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 42 մլն դրամ արժողությամբ 10 տրանսպորտային միջոց էր նվիրել Բնապահպանության նախարարությանը: Կառավարության այսօրվա նիստում որոշման նախագիծ է ընդգրկվել, որի համաձայն` նվիրաբերված գույքն ամրացվելու է Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ բնապահպանության և ընդերքօգտագործման ոլորտներում վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացման նպատակով:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր։  «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տրամադրել էր 2017 թվականի արտադրության, 4 մլն 200 հազար դրամ արժողությամբ 10 Լադա 21214-014-58 մակնիշի ավտոմեքենա: