Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության. հանրահավաքի մասնակիցները շրջափակել են Ֆրանսիայի հրապարակը (թարմացվող)

18:51, 13 ապրիլի, 2018

Ազատության հրապարակում մեկնարկել է «Իմ քայլը» շարժման հանրահավաքը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման: Քայլերթի մասնակիցները հրապարակ եկան ծխարձակող ճայթռուկներով: Հրապարակը հոծ բազմություն է․ քաղաքացիները ծափողջյուններով դիմավորեցին շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին և քայլերթի մասնակիցներին: Տեղեկացնենք, որ այստեղ են նաև «ՄերժիրՍերժին» և «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները:

19։13
«Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ ժողովուրդը  Սերժ Սարգսյանի «մաֆիոզ իշխանությունից» ազատվելու կարիք ունի:
«Ուզում եմ ներողություն խնդրել ժողովրդից, որ ի վիճակի չենք եղել գնահատել ժողովրդի գերեվարված վիճակը, սա Հայաստանի ժողովրդի ազատագրության ժամն է։ Մենք ակնկալում ենք, որ ժողովուրդը դուրս կգա փողոց։ Դուրս արի հրապարակ և տեր կանգնի քո հայրենիքին, քո իրավունքին»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ այս շարժումը միայն Սերժ Սարգսյանի վարչապետության և ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնելուն չէ ուղղված, այլ նաև քաղաքացու ազատագրմանը: «Մենք քաղաքացուն ասում ենք՝ քայլ արա, մերժիր Սերժին»,- ասաց նա, ապա միացրեց այն ձայնագրությունը, որում դեռ 2014 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում ու չի էլ հավակնելու վարչապետի պաշտոնին: Մարդիկ սկսեցին վանկարկել «ամոթ», «դավաճան», «Սերժիկ հեռացիր»: 

Փաշինյանը ելույթում նշեց՝ Սարգսյանը մտահոգված է ոչ թե Հայաստանի ու ժողովրդի, այլ սեփական ընտանիքի և սպասարկուների բարեկեցությամբ։ «Սարգսյանի համար Հայաստանում չկա քաղաքացի և ժողովուրդ։ Մենք նրա համար Սամվել Ալեքսանյանի շաքարավազի սպառող, իր վարակային կազմակերպությունների տոկոսները փակող, դատական ակտերի հարկադիր կատարող պատանդներ, բայց Սարգսյանը անցել է բոլոր սահմանները, և սեփական հայրենիքը Ադրբեջանից ազատագրած ժողովուրդը կկարողանա նաև ինքն իրեն ազատագրել սեփական հայրենիքում և սեփական մայրաքաղաքում», - հայտարարեց պատգամավորը։

Փաշինյանը Սարգսյանին որակեց որպես անվտանագության ոլորտի ամենաձախողված պաշտոնյան Հայաստանի անկախության պատմության մեջ՝ նկատի ունենալով նաև ապրիլյան պատերազմի օրերի մարդկային և տարածքային կորուստները։ Փաշինյանը պնդեց՝ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ արցախյան որևէ զորամաս ապահովված չի եղել գիշերային նշանոցով ավտոմատով:

«Դու քանդել ես մեր առաջնագիծը, Սերժ Սարգսյան, դու քանդել ես մեր անվտանգությունը: Զինվորների մայկա-տրուսիկների հոգսը մինչև էսօր հոգում են վերջիններիս չքավոր ծնողները, որոնք ճռռում են տոկոսների ու վարկերի տակ, սա է քո անվտանգությունը, Սերժ Սարգսյան: 20-25 տարի բանակին ծառայած զինվորները երկարամյա թոշակի գնալու հաջորդ օրն իսկ դուրս են շպրտվում բնակարանի հերթագրման ցուցակներից, սպաները հացի խնդիր ունեն, սա է քո անվտանգությունը, Սերժ Սարգսյան:  Քո անվտանգությունը քո զրահապատ մեքենան է, որի վրա երկու օր առաջ 300 հատ թռուցիկ շպրտեցի»,- ասաց Փաշինյանը: 

19։36

Հայաստանի բնակչության սոցիալական թշվառ վիճակը, Նիկոլ Փաշինյանի խոսքով, համակարգի մտածված քաղաքակությունն է, որպեսզի նրա հետ կարողանա անել ամեն ինչ։

Փաշինյանը խոսքում կարևորեց բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորումը։ Նա նախ ողջունեց «Մերժիր Սերժին» և «Հանուն Հայաստան պետության» ճակատի միացումը «Իմ քայլը» հանրահավաքին, ապա համերաշխության ձեռք մեկնեց ընդդիմադիր բոլոր այն ուժերին, որոնք պայքարել կամ պայքարում են Սերժ Սարգսյանի դեմ: Նա առանձնահատուկ կոչով դիմեց «Ելք» դաշինքի իր գործընկերներին՝ «Լուսավոր Հայաստանին» և «Հանրապետություն» կուսակցություններին: Փաշինյանը կոչ արեց Էդմոն Մարուքյանին, Արամ Սարգսյանին և մյուս գործընկերներին գալ Ազատության հրապարակ:

«Ուզում եմ ձեր անունից Ազատության հրապարակի հարթակից համերաշխության ձեռք մեկնել բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին, բոլոր նրանց, ովքեր պայքար են մղել երբևէ Սերժ Սարգսյանի և նրա ապօրինի իշխանության դեմ, մենք այս ընթացքում շատ հակասություններ ենք ունեցել, երբեմն կռվել ու վիրավորվել ենք իրար, բայց հանուն մեր ժողովրդի միավորվենք Ազատության հրապարակում։ Ազատության հրապարակը լեփ-լեցուն է, և մենք ուզում ենք ձեզ տեսնել մեր կողքին»,- հայտարարեց Փաշինյանը։ Ժողովուրդը, ի պատասխան պատգամավորի կոչին, վանկարկեց «միացում»։   

Հանրահավաքի մասնակիցները, ըստ կազմակերպչի, պետք է լուծեն կոնկրետ խնդիր՝ Սերժ Սարգսյանը չպետք է դառնա Հայաստանի վարչապետ։ Ս․ Սարգսյանը, Փաշինյանի խոսքով, իրեն պետք է զգա պաշարված «կլինի դա սեփականաշնորհած առանձնատանը» կամ «ՀՀԿ գրասենյակում»։

«Մենք պետք է թույլ չտանք, որ ԱԺ-ն կայացնի քվեարկություն։ Մենք պետք է գնանք շրջափակենք, և թույլ չտանք պատգամավորներին և Սարգսյանին մտնել ԱԺ։ Բայց այս ընթացքում մենք պետք է բացառենք բռնության որևէ գործադրում, մեր սկզբունքը պետք է լինի անշեղորեն ոչ բռնի պայքարը, մենք պետք է բացառենք բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլև հակագործողություն։ Սարգսյանը հաղթում է, երբ ոստիկաններին թշնամացնում է ժողովրդի հետ։ Որևէ ոստիկանի չենք վնասելու ոչ ֆիզիկապես, ոչ բարոյապես, մենք չպետք է մոռանանք, թե ում դեմ ենք պայքարում»,- հայտարարեց Փաշինյանը։

19։57

Հանրահավաքի մասնակիցներն այժմ շարժվում են Ֆրանսիայի հրապարակ։ Նրանք այնտեղ նստացույց են իրականացնում։ Ֆրանսիայի հրապարակը բոլոր կողմերից շրջափակված է, երթևեկությունը՝ դադարեցված:

20։39

Հանրահավաքի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակում շարունակելու են նստացույցը։ Ազատության հրապարակից այստեղ է տեղափոխվելու տեխնիկան, բեմ և ամբիոն է կառուցվելու։

«Երևան քաղաքի կենտրոնը առնվազն պետք է կանգնի։ Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին դուրս գալ՝ իրենց հաղթանակին տեր կանգնելու, իրենց իշխանությանը տեր կանգնելու։ Խնդրում եմ փոխանցել, մինչև տեխնիկան կդրվի և ամեն ինչ մանրամասն կներկայացվի»,- ասաց Փաշինյանը։ Պատգամավորի խոսքով՝ հանրահավաքի մարդաշատությունը իր համար ակնկալելի էր։ 

20։55

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե հանրահավաքի հանրությունը ձգվի մինչև Փակ շուկա, ուրեմն կամ իշխանափոխություն է լինելու, կամ էլ ինքը Հայաստանում քաղաքականությամբ չի զբաղվելու: Հանրահավաքի մասնակիցները գիշերելու են Ֆրանսիայի հրապարակում, ուշագրավ է, որ ոստիկանները բավականին սակավաթիվ են: Այստեղ է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը սակայն հրաժարվեց որևէ հարցի պատասխանել:

22:53

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանգանակության արկղ են տեղադրելու, որպեսզի կարողանան հոգալ մարդկանց սննդի, ջրի կարիքները: Փաշինյանն ասաց, որ սկզբունքորեն արգելում են ալկոհոլային խմիչքների օգտագործումը: Յուրաքանչյուր փակված խաչմերուկում նշանակվեցին պատասխանատուներ: Կան քաղաքացիներ, որոնք արդեն իսկ վրաններ են տեղադրել: Փաշինյանը հայտարարեց, որ գիշերելու են Ֆրանսիայի հրապարակում, իսկ վաղը 14.00-ին նախատեսված է հանրահավաք, որտեղ էլ, ըստ Փաշինյանի, հնչելու է հիմնական ասելիքը: