Ճարտարապետ Զավեն Գրիգորյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է

22:28, 16 ապրիլի, 2018

Բաղրամյան պողոտայում այսօր տեղի ունեցած բախումներից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված ճարտարապետ Զավեն Գրիգորյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է: Այս մասին «Հետք»-ին ասաց Գրիգորյանի ընկեր Մոմիկ Վարդանյանը:

Նշենք, որ Գրիգորյանը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ բեկորային վնասվածք է ստացել, և անհրաժեշտություն է առաջացել վիրահատել ոտքը:

«Մենք այս պահին տեղյակ չենք` բեկորները հանել են, թե ոչ: Վիճակը, ըստ բժիշկների խոսքի, բավարար է, սակայն մենք կասկածում ենք, որ բժիշկները միտում ունեն ավելի թեթև ներկայացնել նրա վիճակը»,- մեզ հետ զրույցում ասաց Մոմիկ Վարդանյանը:

Վերջինս նշեց, որ կինը Գրիգորյանին մեկ անգամ տեսակցելու հնարավորություն է ունեցել, և վերջինս ցավեր է ունեցել:

«Այսօր ինքն արյան հետ կապված խնդիր էլ ուներ, ու առհասարակ շատ վատ էր վիճակը»,- հայտնեց Մոմիկ Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ բժիշկների փոխանցմամբ՝ Գրիգորյանն այսօր դեռևս պահվելու է վերակենդանացման բաժանմունքում:

Ավելի ուշ տեղեկացանք, որ Զավեն Գրիգորյանի վիրահատությունը նորմալ է անցել, սակայն վերջինս 4 ամիս պետք է բուժում ստանա։