«Ես երբեք արյան ծարավ չեմ ունեցել». Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ

17:04, 17 ապրիլի, 2018

77 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ Սերժ Սարգսյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ:

Հիշեցնենք, որ խորհրդարանում այսօր քննարկվում էր վարչապետի ընտրության հարցը: Միևնույն ժամանակ հազարավոր քաղաքացիներ պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ժողովրդական, «ոչ բռնի, թավշյա հեղափոխություն» անցկացնելու մասին: Հերթական հավաքը կլինի 18.30-ին՝ հանրապետության հրապարակում:

Քվեարկությունից հետո Սարգսյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանին՝ առանց նշելու վերջինիս անունը:

«Իմ շատ երիտասարդ գործընկերոջը, որը տեսնում եմ՝ քաղաքական մեծ ամբիցիաներ ունի, խորհուրդ եմ տալիս ղեկավարվել պառլամենտարիզմի կանոններով: Հասկանում եք՝ սա դատարան չէ, որտեղ դատավճիռներ են ընթերցում և մեղադրում: Խորհուրդս հետևյալն է՝ ձեր բոլոր ջանքերը գործադրեք ձեր գործընկերոջը փողոցից բերելու համար: Դա կլինի ձեր մեծագույն վաստակը: Երբեք, որևէ ժամանակ անձամբ ես, մեր քաղաքական ուժը արյան ծարավ չի ունեցել, ես նույնիսկ թշնամու արյան ծարավ չեմ ունեցել»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանի համար զարմանալի է, որ պետական շենքերի գրավումը ցուցարարները համարում են խաղաղ անհնազանդություն: «Եթե համարում եք, որ ցուցարարները պետք է գան ու ձեր աշխատասենյակներում նստեն, ձեր փոխարեն օրենքներ գրեն, դա ձեր մոտեցումն է, եթե ոչ՝ հակառակ կողմում պետք է լինեք: Դուք պետք է լինեք օրենքի կողմում, չի կարող ժողովուրդը լինել օրինազանց. եթե օրինազանց լիներ, փողոցներում միլիոնավոր մարդիկ կլինեին, դուք բոլորից լավ գիտեք, թե քանի մարդ է մասնակցում ցույցերին»,- ասաց նա:

Փողոցից խորհրդարան գնալու մասին իրեն ուղղված կոչին Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձագանքեց Սերժ Սարգսյանի խոսքով՝ «Իյա, իրո՞ք»: «Մեր բոլոր գործողությունները տեղավորվել և տեղավորվում են խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործընթացի մեջ»,- ասաց Փաշինյանը:

Խորհրդարանում Սերժ Սարգսյանի թեկնածությանը դեմ են քվեարկել.

«Ծառուկյան դաշինք» խմբակցությունից՝

Լուիզա Սարգսյանը

Վահե Էնֆիաջյանը

Մարինա Սարգսյանը

Շաքե Իսայանը

Տատյանա Միքայելյանը

Գևորգ Պետրոսյանը

Հակոբ Նազարյանը

Նորա Առուստամյանը

Վարդևան Գրիգորյանը

Նաիրա Զոհրաբյանը

Միքայել Մելքումյանը

Արարատ Զուրաբյանը

«Ելք» խմբակցությունից՝

Էդմոն Մարուքյանը

Արամ Սարգսյանը

Արտակ Զեյնալյանը

Մանե Թանդիլյանը

Գևորգ Գորգիսյանը

Քվեարկության ժամանակ, ցույցին մասնակցող պատգամավորներից բացի, բացակա են եղել նաև Գագիկ Ծառուկյանը, Տիգրան Ուրիխանյանը, Իվետա Տոնոյանը, Վարդան Ղուկասյանը: Չեն քվեարկել Սերգեյ Բագրատյանը, Վահան Կարապետյանը, Տիգրան Ստեփանյանը: