Փաշինյանը Սփյուռքին կոչ արեց գալ Հայաստան եւ աջակցել «Իմ քայլը» շարժմանը

21:30, 17 ապրիլի, 2018

Հանրապետության հրապարակում այսօր երեկոյան մեկնարկած հանրահավաքին ունեցած իր ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի բաց նամակին եւ System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի ուղերձին: Փաշինյանը, մասնավորապես, ասաց. «Սիրելի Արսինե, նամակ գրելու կարիք չկա, որովհետեւ բաժանորդն անհասանելի է, վեր կաց, արի Երեւան»:

Ապա հիշեցնելով, որ հանրապետության հրապարակը վերջին անգամ այսքան բազմամարդ է եղել Սերժ Թանկյանի համերգի ժամանակ, ասաց. «Սերժ, ահա, այդ նույն ժողովուրդը կանգնած է այստեղ, եւ դու պարտավոր ես գալ եւ կանգնել նրա կողքին»:

Հաջորդիվ նա դիմեց Շառլ Ազնավուրին, որովհետեւ նա նույնպես այն սակավաթիվ մարդկանցից է, որ այսպիսին է դարձրել Հանրապետության հրապարակը: «Հարգելի պրն Ազնավուր, Դուք բազմիցս միջազգային մամուլին հարցազրույց եք տվել` ասելով, որ Հայաստանում գործում է մաֆիայի իշխանությունը, ահա, մաֆիայի վերջը եկել է, եւ Ձեր ներկայությունը հարկավոր է: Ձեր կարիքը կա, որպեսզի մաֆիայի վերջը տանք առանց մի կաթիլ արյան: 

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի այն հայրենակիցներին, ովքեր ֆինանսավորել են այս շարժումը եւ արդեն երկու օր գործնականում 5 րոպեն մեկ գումարներ են փոխանցում` քաջալերանքի խոսքեր ասելով: 

Սփյուռքին ուղղված ելույթն ամփոփելով` նա ասաց. «Ես ուզում եմ դիմել սփյուռքի մեր երեւելիներին` ասելով` ձեր երազանքի ժամը եկել է, մաֆիայի վերջը եկել է: Դուք ձեր անելիքի առաջին մասն արել եք, երկրորդ մասը` վեր կացեք, բոլորով եկեք Հայաստան եւ ձեր հայրենիքում օրինականություն, ժողովրդավարություն, անկախություն հաստատեք»: