Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վաղվանից կրկին փակել փողոցները

21:40, 19 ապրիլի, 2018

«Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարթակից հայտարարեց, որ այսօր Թատերական ինստիտուտի ռեկտորի աշխատասենյակից ակտիվիստը շպրտել է Սերժ Սարգսյանի լուսանկարը: Ինչից հետո երիտասարդին բերման են ենթարկել, իսկ ոստիկանության բաժնում երիտասարդը կրկին պատուհանից շպրտել է Սերժ Սարգսյանի լուսանկարը:

«Նրանք մեզ բերման են ենթարկում վախեցնելու համար, բայց մենք ոստիկանության բաժիններից հանում, շպրտում ենք Սերժ Սարգսյանի նկարները»,- ասաց Փաշինյանը: 

Շարժման առաջնորդը հիշեցրեց, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել Սերժ Թանկյանի հետ և կրկին վերջինիս կոչ արեց գալ Հայաստան:

«Սե՛րժ, ժամ առաջ թռի՛ Հայաստան, Հայաստանը սպասում է քեզ: Ժողովու՛րդ ջան, Սերժն ասաց, որ պաշտպանում է թավշյա հեղափոխության բոլոր պահանջները»,- ասաց Փաշինյանը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վաղը առավոտյան 8:15-ից փակել փողոցները՝ այս անգամ նաև բեռնատար ավտոմեքենաներով: