Ոստիկանություն. լրագրողները կատարում են գործողություններ, որոնցով խոչընդոտում են ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը

14:49, 20 ապրիլի, 2018

Ոստիկանությունը հայտնում է, որ պաշտոնական հայտարարություններով բազմիցս խնդրել են պահպանել պատշաճ հեռավորություն հավաքի այն վայրերից, որտեղ իրականացվում են հասարակական կարգի պահպանման միջոցառումներ: Որոշ լրագրողներ, սակայն, անտեսում են ոստիկանության խնդրանքը, կատարում են գործողություններ, որոնցով խոչընդոտում են ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը:

Բացի դրանից, ոստիկանությունը հայտնում է, որ չնայած ՀՀ ոստիկանության կոչերին և բազմաթիվ հորդորներին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են «Հավաքների ազատության մասին» օրենքի ակնհայտ խախտումներով ուղեկցվող հավաքները, որոնք շարունակում են լրջորեն խոչընդոտել երթևեկությանը, անհամաչափ կերպով սահմանափակել այլոց ազատ տեղաշարժի և այլ իրավունքների և ազատությունների իրացմանը:

Հավաքի կազմակերպիչների և մասնակիցների ապօրինի գործողությունները հանգեցնում են Ոստիկանության կողմից հասարարական կարգի վերականգնմանը և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված իր անմիջական պարտականությունների կատարմանը՝ իրավախախտ քաղաքացիների նկատմամբ իրավական համաչափ ներգործության միջոցների կիրառմամբ:

Առավել վտանգ են ներկայացնում հավաքի կազմակերպիչների անօրինական կոչով ավտոմեքենաներով քաղաքի բանուկ փողոցներն արգելափակելու գործողությունները, որոնք վտանգում են երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը:

Ոստիկանությունն ստիպված է լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն՝ իրավախախտումները խափանելու ուղղությամբ:

Ապօրինի հավաքի ճանապարհների երթևեկելի հատվածներով երթ իրականացնող մասնակիցներին կրկին անգամ կոչ ենք անում կատարել իրենց պարտականությունները, զերծ մնալ Ոստիկանության ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարմանը խոչընդոտելուց, վերջիններիս վիրավորելուց: Հավաքի կազմակերպիչներին կոչ ենք անում քաղաքացիների իրավունքների և ազատությունների անհամաչափ սահմանափակումները դադարեցնելու, մայրաքաղաքի բնակիչների կյանքն ու առողջությունը վտնագող գործողություններից խուսափելու նպատակով հավաքները տեղափոխել այնպիսի տարածքներ, որտեղ կբացառվեն իրավախախտումները հնարավորություն կտան Ոստիկանությանն աջակցություն ցուցաբերել հավաքին և ապահովել վերջինիս մասնակիցների ավտանգությունը: