Այսօր ռուսական պետական օդանավ է եկել Հայաստան

18:54, 25 ապրիլի, 2018

Այս պահին Երեւանից Մոսկվա է վերադառնում ռուսական «Իլ-96-300» օդանավը (գրանցման համարը՝ RA-96018): Այն Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Հայաստան էր ժամանել այսօր՝ 16:20-ի սահմաններում: Այս մասին տեղեկանում ենք թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com կայքից: Արդեն 17:10-ի հատվածում ՌԴ կառավարական ինքնաթիռը մեկնել է Երեւանից: 

RA-96018-ը պատկանում է ՌԴ նախագահի գործերի կառավարման վարչության «Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատին: Այս ջոկատը սպասարկում է ՌԴ պետական պաշտոնյաներին: Թե ով է Հայաստան ժամանել ինքնաթիռով, հայտնի չէ: 

Հիշեցնենք, որ այս օրերին Հայաստանում էր նաեւ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, ով սերտ կապերի մեջ է իշխող ՀՀԿ-ի ու, մասնավորապես, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Ս. Կարապետյանի մասնավոր օդանավը, որը ժամանակին սպասարկել է նաեւ Կ. Կարապետյանին, ՀՀ է ժամանել ապրիլի 23-ին: Այսօր այն պատրաստվում է մեկնել Մոսկվա: Թռիչքը նախատեսված է ժամը 20:00-ին: