Նիկոլ Փաշինյան. «Էականն այն է, որ կա երկրի ղեկն իր ձեռքը վերցրած ժողովուրդ»

21:09, 30 ապրիլի, 2018

Ժողովրդական շարժման ներկայացուցիչներից Արմեն Գրիգորյանն այսօր Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքին հայտարարեց, որ երկրի կառավարման հիմքում պիտի լինի ազատությունը, շարժման ապակենտրոնությունը պիտի տեղափոխվի իշխանություն: Գրիգորյանը շեշտեց, որ հզոր Հայաստանի հիմքը ազատ եւ արդար ընտրություններն են, բացի դրանից՝ նա կարեւորեց անցումային արդարադատությունը, որը կարեւոր գործիք է, որպեսզի վերականգնվի վստահությունը կառավարության հանդեպ:

Աշխարհահռչակ լողորդ Շավարշ Կարապետյանը ելույթից առաջ հուզվեց, ապա ասաց, որ Երեւան է եկել՝ Ռուսաստանի երիտասարդների ուղերձը փոխանցելու: Նա նշեց, որ ժողովրդական շարժման կողքին են Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները, ապա շեշտեց, թե թող պապանձվի նրա լեզուն, ով կասի, թե այստեղ ճշմարտություն չկա:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Զարուհի Բաթոյանն էլ նշեց, որ այս հեղափոխությունը չի եկել ջարդել-փշրելու. շարժման նպատակը արդեն իսկ ստեղծվածը բարելավելն է: «Մենք պետական համակարգը չենք ավերելու: Կառուցելու, զարգացնելու ենք մեր երկիրը»,- ասաց Բաթոյանը:

«Ելք» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ հիմա թեւակոխում ենք նոր փուլ, որն ավելի դժվար է լինելու: Նա վստահություն հայտնեց, որ վաղը ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին ընտրելու է վարչապետ: Միաժամանակ Միրզոյանը 4 կետ առանձնացրեց, որը պետք է իրագործի շարժումը: Առաջին՝ ապահովել լայն քաղաքական համերաշխություն, երկրորդ՝ ապահովել երկրի բնականոն գործունեությունը, երրորդ՝ ստեղծել մեխանիզմներ՝ ընտրական համակարգի բարեփոխման համար, չորրորդ՝ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Միրզոյանը խնդրեց ժողովրդի աջակցությունը այս գործընթացում:

Նույն դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը նշեց, թե այսքան տարի իշխանություններն իրենց վարած քաղաքականությամբ բերել են նրան, որ հայոց տունը քանդվում էր, սակայն Ն. Փաշինյանի գլխավորությամբ հաջողվել է ստեղծել հզոր բանակ: Միքայելյանի ասելով՝ ժողովրդի մեջ ինքն այլեւս հավատ, վստահություն ու ապագա է տեսնում: «Վաղը մենք սկիզբը կապելու ենք վերջին»,- հայտարարեց նա:

Շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ աշխարհի ուշադրությունն այնպես է կենտրոնացած Հայաստանի ու Երեւանի վրա, որ կարծես այստեղ պիտի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչն անցկացվի: Ըստ նրա՝ հայ ժողովրդին հաջողվել է վերջին 15 օրում Հայաստանը դարձնել աշխարհի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Հայաստանը, Փաշինյանի հայտարարմամբ, դարձել է մի տեղ, որտեղի իրադարձությունները զարմացնում, հիացնում ու մտածելու տեղ են տալիս աշխարհին:

Նա նշեց, որ այսօր առավոտյան «Ելք» խմբակցության կողմից պաշտոնապես առաջադրվել է վարչապետի թեկնածու եւ միակն է որպես այդպիսին, քանի որ մյուս ուժերն առաջադրումներ չեն արել: Փաշինյանը վստահություն հայտնեց, թե շատ մեծ հավանակություն կա, որ վաղը ժողովրդի թեկնածուն ընտրվելու է վարչապետ: Միաժամանակ շեշտեց, որ էական չէ, թե ով կլինի վարչապետ, էականն այն է, որ կա երկրի ղեկն իր ձեռքը վերցրած ժողովուրդ, որը գիտի, թե ինչ պետք է անել, եթե իշխանությունը փորձի լկտիանալ, «տեղը չբերել». «Կա քաղաքացի, ով ասում է՝ մենք ենք տերը մեր երկրի»: Ըստ Փաշինյանի՝ սա թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության ամենամեծ ձեռքբերումն է:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վաղը ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում ու մեծ էկրանների միջոցով հետեւել ԱԺ-ում ընթացող իրադարձություններին: Ըստ Փաշինյանի՝ ընտրությունից հետո իրենք միանալու են ժողովրդին եւ տոնեն վերջինիս հաղթանակը: Շարժման ղեկավարը հորդորեց այլ գործողությունների չդիմել, բողոքի ակցիաներ չանել: