ՀՀԿ-ի որոշումը կլինի միասնական․ խորհրդարանը պատրաստվում է վարչապետի ընտրություններին

11:02, 1 մայիսի, 2018

Այսօր՝ ժամը 12-ին, ԱԺ հատուկ նիստն է, որի օրակարգում մեկ հարց է՝ «Ելք» խմբակցության թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրությունը։ Տեղեկացնենք, որ վաղ առավոտից խորհրդարան են շտապում մի շարք արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

ԱԺ պատգամավորները ևս արդեն մուտք են գործում շենք, այսօր նկատեցինք «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանին, որը շենք էր մտնում հիմնական մուտքից։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին կողմ են քվեարկելու «Ելք», «Ծառուկյան» և «ՀՅԴ» խմբակցությունները, իսկ թե ինչպես է քվեարկելու իշխող ուժը՝ ՀՀԿ-ն, այս պահին դեռ հայտնի չէ։ Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ կլսեն Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթը, որից հետո կհայտնեն իրենց որոշման մասին։

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն որոշում կայացնի ազատ քվեարկել, Բաղդասարյանն ասաց․ «Ես չեմ կարծում, որ նման բան լինի, այդ դեպքում կուսակցությունը կարող է դեմքը կորցնել, կարծում եմ քաղաքական մեծամասնությունը, ճիշտ չեմ համարում, որ նման որոշում կայացնի, որոշումը պետք է լինի միասնական, եթե միասնական որոշման դեպքում լինեն այլ զարգացումներ, այդ մասին ես կխոսեմ»։

Տեղեկացնենք, որ ինչպես վարչապետի նախորդ ընտրությունների դեպքում էր, այնպես էլ հիմա ԱԺ նիստերի դահլիճի հարակից տարածքում անվտանգության նկատառումներից ելնելով` տեղադրված է մետաղորսիչ։