Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դուրս գալ փողոց՝ ասելով, որ «հաղթանակը ուզում են գողանալ»

13:20, 1 մայիսի, 2018

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դիմեց հանրությանը՝ ասելով, որ իրենց հաղթանակը ուզում են գողանալ և կոչ արեց դուրս գալ փողոց։ «Մի մնացեք տանը, դուրս եկեք փողոց և ուղղություն վերցրեք դեպի Հանրապետության հրապարակ, հեղեք մյուս քաղաքների փողոցներն ու հրապարակները»,- ասաց նա։

Նշենք, որ մեկնարկել է Ազգային ժողովի նիստը, որի օրակարգում այսօր վարչապետի ընտրությունն է։

Փաշինյանն անդրադարձավ իր այն հայտարարությանը, որ շատերի կողմից շահարկվում է․ այն, որ արտաքին քաղաքականության ոլորտում շրջադարձեր չեն լինելու։ Նա ասաց, որ դա ոչ թե ինչ-որ մեկի ճաշակի հարց է կամ դիրքորոշման փոփոխություն, այլ բխում է համաժողովրդական շարժման տրամաբանությունից։ Փաշինյանի խոսքով՝ մարդիկ պահանջել են փոփոխություններ ներքին կյանքում, սակայն որևէ պահանջ չի հնչել արտաքին քաղաքականության ոլորտում փոփոխություն կատարելու մասին։

«Մենք պարտավոր ենք հաշվի նստել այս ուղերձի հետ, մենք համարել ենք ու համարում ենք, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, այս շարժումը որևէ սպառնալիք չի ստեղծելու մեր հարաբերությունների համար, մենք կարևորում ենք Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան հարաբերությունները, մենք խորացնելու ենք հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ամեն ինչ անելու են, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտք գործելու համար արտոնագիր չլինի։

Փաշինյանն անդրադարձավ նաև բիզնեսի և քաղաքականության սերտաճմանը՝ վստահեցնելով, որ իր ընտրվելու դեպքում չի լինելու որևէ պաշտոնյա, որի ունեցվածքը հրապարակային ներկայացված չի լինելու հանրությանը։

Փաշինյանն ընդգծեց՝ իր ընտրվելու դեպքում արդեն իսկ վաղվանից չեն լինելու տնտեսական մոնոպոլիաներ։

«Հայաստանն ու հայ ժողովուրդը վերածնունդ են ապրում, և այն անկասելի է, և այսօրվա քննարկումն այն մասին չէ, թե ով ընտրվի վարչապետ, այլ այն մասին, թե ով է կիսում ժողովրդի հաղթանակը, ով` ոչ»,- ասաց նա։

Լուսանկարը՝ parliament.am-ի