Փաշինյան․ «Իմ ողջ քաղաքական ու լրագրողական կյանքի ընթացքում ծառայել եմ ու ծառայում եմ ՀՀ-ին, Արցախին»

15:47, 1 մայիսի, 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը խորհրդարանի հատուկ նիստի ժամանակ անդրադարձավ արցախա-ադրբեջանական սահմանային լարվածությանը և զորակոչային խնդիրներին։

«Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր կողմնակիցների այն կոչերին, որ այն պաշտոնյաները, որոնք չեն ծառայել, պետք է վայր դնեն իրենց լիազորությունները և գնան երկու տարի ծառայեն, անկախ հանգամանքներից՝ Դուք այդպես կվարվե՞ք», - հարցրեց նա՝ դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանը պատասխանեց, որ որդու 18 տարին լրացել է այս տարվա մարտին և ամառային զորակոչին վերջինս մեկնելու է ժամկետային զինվորական ծառայության։

«Տեսեք, Դուք ասում եք՝ անկախ հանգամանքներից, չի կարելի որևէ իրավիճակ գնահատել անկախ հանգամանքներից, որովհետև եթե գնահատում ենք անկախ հանգամանքներից, մենք կունենանք անկապ գնահատականներ, որովհետև հաշվի չենք առնի պատճառահետևանքային կապը։ Ինչ վերաբերում է իմ ծառայությանը, ես իմ ողջ քաղաքական ու լրագրողական կյանքի ընթացքում ծառայել եմ ու ծառայում եմ ՀՀ-ին, Արցախին և ինչպես ասացի, երբ անհրաժեշտություն էր առաջացել, մեր կուսակցության անդամներով կամավորական ջոկատ ենք կազմել և մարտական հերթապահություն արել Արցախի Ջանկաթաղ գուղի հատվածում։ Ես եղել եմ պատգամավոր, բայց այդ կարգավիճակը չի խանգարել ավտոմատ կրել, խրամատ փորել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի թեկնածուն հավելեց, որ կիսում է այն տեսակետը, որ երկրի անվտանգությունը բացարձակ առաջնահերթություն է, և հենց դրա համար էլ հարկավոր է, որ այսօր վարչապետ ընտրվի։

ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց, որ իրենց չբավարարեց Նիկոլ Փաշինյանի պատասխանը։ Նրա խոսքով՝ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի քննարկումների ժամանակ «Ելք»-ի պատգամավորները պնդում էին, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցած պաշտոնյաները պետք է հրաժարվեն իրենց պաշտոններից։ Փաշինյանը հակադարձեց՝ իրենք չէին կարող նման հայտարարություն անել, քանի որ խմբակցությունում ունեն պատգամավորներ, որոնք օրենքով սահմանված կարգով չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն, ինչպես շատ ՀՀԿ-ականներ, իրենց ասելիքն այլ է եղել։