Աղվան Վարդանյանը պնդում է՝ զբաղվելու է «բուռն գործունեությամբ»

15:15, 3 մայիսի, 2018

Իր քվեարկության համար պատգամավորական մանդատը վայր դրած դաշնակցական Աղվան Վարդանյանը որոշման դեպքում պատրաստ է լքել նաև կուսակցությունը։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հիշեցնենք, որ չնայած նրան, որ ՀՅԴ-ն որոշում ուներ աջակցելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, Վարդանյանը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը, ինչից հետո ՀՅԴ ԳՄ-ն կոչ արեց պատգամավորին վայր դնել մանդատը։

«Ես իմ ելույթի ժամանակ հայտարարել էի, որ եթե կուսակցությունս ցանկանա, պատրաստ եմ վայր դնել մանդատս»։

Հարցին, եթե որոշվի, որ նա պետք է անդամակցությունը դադարեցնի, պատրա՞ստ է այդ քայլին, Վարդանյանը պատասխանեց. «Մենք կուսակցական ընկերների հետ զրույց կունենանք, և դուք կիմանաք այդ մասին»։

Իսկ թե ինչով է զբաղվելու պատգամավորական լիազորությունները վաղաժամ դադարեցնելուց հետո, Վարդանյանն ասաց․ «Աղվան Վարդանյանի բուռն գործունեությամբ»։

Պատգամավորը չհամաձայնեց, որ հարազատ կուսակցության որոշումը բռնապետական քայլ է, հիշեցրեց՝ խղճով և համոզմունքներով եմ առաջնորդվել, իսկ ելույթում ասել է, որ պատրաստ է վայր դնել մանդատը։

Մեր հարցին, որ մամուլում հրապարակումներ կային, որոնց համաձայն՝ իր դեմ կոմպրոմատ է ներկայացվել մանկատան երեխաների համար հատկացված բնակարանների հարցով կոռուպցիոն գործարքները իր՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար եղած տարիներին, Վարդանյանն ասաց․ «Մոռացեք, այդ ծրագրով պետությանը ոչ մի կոպեկի վնաս չի տրվել, և այդ զառանցանքները վաղուց հերքվել են»։