Վալերի Օսիպյան․ «Մեր երկրում չկա անպատժելի մարդ, օրենքի առաջ բոլորը հավասար են»

11:17, 11 մայիսի, 2018

«Ես ամեն ինչ կանեմ, որ մեր հանրությանը մենք ցույց տանք՝ միշտ եղել ենք ձեր կողքին»,- կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Ես եղել եմ առաջնագծում, իրավապահ մարմնում, համակարգում, ով էլ լիներ իմ փոխարեն, ինձ թվում է՝ նոր վարքագծով հանդես կգար: Այսինքն՝ ո՞ւմ կարող էր նշանակել, այդպես է պարոն վարչապետը գտել»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ պահանջ է դրել իր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Օսիպյանը նշեց՝ լինել ժողովրդավարական, ժողովրդի կողքին կանգնած:

Լրագրողները հետաքրքվեցին՝ եթե անհրաժեշտություն լինի ձերբակալել նախկին ոստիկանապետին կամ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, ինքը պատրա՞ստ է գնալ այդ ճանապարհով, Օսիպյանն ասաց․

«Մեր երկրում չկա անպատժելի մարդ, օրենքի առաջ բոլորը հավասար են։ Եթե որևէ մեկը կապացուցի, որ տարիների ընթացքում գնդապետ Օսիպյանը ոչ համաչափ է գործել, բռնություն է գործադրել մեր համաքաղաքացիներից որևէ մեկի նկատմամբ, ես ինքս պատրաստ եմ պատասխանատվության ենթարկվել, հենց այս պահից էլ կհրաժարվեմ»: