Կառավարության նիստին Փաշինյանն անդրադարձավ Արմավիրի կարկտահարության վնասներին

11:45, 11 մայիսի, 2018

Այսօր՝ մայիսի 11-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջին նիստն է։ Հիշեցնենք, որ նախարարները դեռևս պաշտոնակատարի կարգավիճակում են, երեկ երեկոյան նշանակվել են ոստիկանապետն ու ԱԱԾ պետը։ Նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով գործընկերներին, ասաց․

«Հուսով եմ լավ աշխատանքային տրամադրություն ունեք»։

Մինչ Կառավարության օրակարգային հարցերին անդրադառնալը վարչապետը խոսեց Արմավիրի մարզի կարկտահարության դեպքի մասին։ Փաշինյանը գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարից հետաքրքրվեց, թե ինչ վնասներ է հասցրել կարկուտը։ Նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն ասաց, որ արդեն ուղարկել են համապատասախան անձնակազմ՝ վնասների չափը պարզելու համար:

«Վնասները չեն հասել մեծ ծավալների, բայց կան այգիներ, որտեղ վնասներ են եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ վնասների չափը պարզելուց հետո կտեղեկացնեն: Վարչապետը հարցրեց նաև, թե նախկինում նման դեպքերում ինչպես են վարվել, Առաքելյանը պատասխանեց, որ նախկին շրջանում կառավարությունը հնարավորության դեպքում զիջել է հողի հարկը, կամ ջրի վարձը, փոխհատուցել են սերմերով:

«Մենք այդ թեմային անպայման կանդրադառնանք, պետք է այնպես անել, որ աջակցությունը լինի ոչ այնքան ֆորմալ, որքան արդյունավետ, որ մարդիկ զգան՝ պետությունը լրջագույն ջանք է գործադրում, որ իրենք այդ վիճակից դուրս գան»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվեց նաև հակակարկտային կայանների աշխատանքից, արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ այն վայրերը, որտեղ կարկտահարություն է եղել, դուրս են եղել այդ կայաններից:

«Մենք շա՞տ տարածքներ այդպես ունենք, մոտավորապես քանի՞ տոկոսն է ծածկում»,- հարցրեց վարչապետը։

Դավիթ Տոնոյանն արձագանքեց՝ այս պահին տասնհինգ տոկոսն են կարողանում ծածկել պիլոտային ծրագրի շրջանակում, սակայն նախատեսում են, որ երկու տարվա ընթացքում պետք է ծածկվի 70 տոկոսը:

«Լավ, կարծում ենք, որ այս թեմային պետք է անդրադառնանք»,- ասաց Փաշինյանը։