Լևոն Ալթունյան․ «Կշարունակեմ կատարել իմ պարտականություններն այնքան, ինչքան գտնի վարչապետը»

14:07, 11 մայիսի, 2018

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ալթունյանը։

«Այս պահին ես կատարում եմ իմ պարտականությունները և կշարունակեմ կատարել դրանք այնքան, ինչքան գտնի վարչապետը»,- ասաց նա:

Հարցին՝ տեսնո՞ւմ է իրեն Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունում, Լևոն Ալթունյանն արձագանքեց՝ այդ հարցը պետք է ուղղել Նիկոլ Փաշինյանին:

Հարցին՝ գտնո՞ւմ է, որ ինքը պետք է մնա, Ալթունյանը պատասխանեց․ «Ես ոչինչ չեմ գտնում, ես կատարում եմ ժամանակավոր պաշտոնակատարի ֆունկցիաները»:

Դիտարկմանը, որ նախկինում հայտարարել էր, որ հինգ տարվա ծրագրեր ունեն, որոնք պետք է կատարվեն, Ալթունյանն ասաց՝ այո, այդ ծրագրերը պետք է իրագործվեն։