ՀՀԿ-ականներն առաջարկում են օրենքով ամրագրել, որ ՄԻՊ-ը կարող է ներկա լինել կառավարության նիստին

12:59, 15 մայիսի, 2018

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանդրական օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։ Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանի հետ մինչ նիստը քննարկել են օրակարգում ներառված հարցերը, ուստի կարելի է ասել, որ այս հարցերը նոր կառավարության կողմից են ներկայացված։

Նախագծով առաջարկվում է օրենքում ամրագրել, որ մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն։

Պատգամավորներն անդրադարձան ՄԻՊ-ի մասին օրենքի այն փոփոխությանը, որով ՄԻՊ-ը կարող է ներկա գտնվել կառավարության նիստին միայն վարչապետի հրամանով։ Հիշեցնենք, որ այս փոփոխությունն առաջարկել էր նախորդ կառավարությունը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պատգամավոր եղած ժամանակ էլ անընդհատ խոսում էր այն մասին, որ նիստը պետք է լինի դռնբաց, ուստի ՄԻՊ-ը չի կարող ներկա գտնվել միայն վարչապետի հրավերով։ ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանը համաձայնեց Գևորգ Պետրոսյանի հետ։

«Մարդու իրավունքների պաշտպանը պետք է մասնակցի կառավարության նիստերին՝ անկախ հրավերի փաստից»,- ասաց Կոստանյանը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որը նախկին կառավարության օրենսդրական նախաձեռնությանը իր դրական եզրակացությունն էր տվել, պատճառաբանեց, թե ինչու է կողմ եղել։

«Երբ որոշում էր կայացվել, որ անկախ մարմինների ղեկավարները չեն կարող նիստին մասնակցել, էլ իմաստը ո՞րն էր, որ մասնակցեի փակ նիստին, դրա համար ես կողմ էի, եթե ոչ մի անկախ մարմին չի լինում նիստին, գնամ էնտեղ ի՞նչ անեմ։ Եթե հիմա քաղաքականություն է փոխվում, նիստը դռնբաց է լինելու, և իմ գործողությունները հանրության համար տեսանելի են, որևէ խնդիր չեմ տեսնում մասնակցելու համար»,- ասաց Թաթոյանը։

Նախագծի հիմնական զեկուցող, արադարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանն առաջարկեց ձեռնպահ մնալ օրենքում փոփոխություններից մինչև ընդհանուր քաղաքականությունը որոշվի, և օրենքով ամրագրվի, որ կառավարության նիստը դռնբաց է։ ԱԺ փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց կառավարության կառուցվածքի մասին օրենքում և հարակից օրենքների փաթեթում հրատապ փոփոխություններ կատարել՝ ինչպես դռնբացության, այնպես էլ վարչապետին ու կառավարությանը ենթակա մի շարք մարմինների գործունեության վերաբերյալ։ Հովհաննիսյանի խոսքով՝ պետք է օրենքով ամրագրել, որ ՄԻՊ-ն առանց որևէ հրավերի կարող է մասնակցել կառավարության նիստին։

Արդարադատության փոխնախարարը չհամաձայնեց իր նախկին ղեկավարի հետ՝ նկատելով, որ կառավարության կառուցվածքի մասին օրենքում հրատապ փոփոխության կարիք չկա, և ՄԻՊ-ի մասին սահմանադրական օրենքի շրջանակում ՄԻՊ-ը կարող է իր ցանկությամբ մասնակցել նիստերին։

Արփինե Հովհաննիսյանն իրավական տեսանկյունից համաձայնեց փոխնախարարի հետ, սակայն նկատեց՝ եթե քաղաքական փոփոխություն է եղել, և նիստը դռնբաց է, ապա պետք է ներկա լինեն ոչ միայն ՄԻՊ-ը, այլ նաև անկախ մյուս մարմինների ղեկավարները, ինչպես դատախազը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կոչ արեց իրերն իրենց անունով կոչել և հայտարարել, որ երկրում իրավիճակ է փոխվել։ Ուրիխանյանի խոսքով՝ ՄԻՊ-ը նախկին իշխանության հետ համաձայնության է եկել, վերջինիս կողմից է նշանակվել՝ խորհրդարանում ընտրության միջոցով, դրա համար էլ դեմ չի եղել, որ նիստին չմասնակցի։ «Հիմա էլ ընդդիմադիր հանրապետականները զարմանում են ու չեն ասում, որ երկրում իրավիճակ է փոխվել»,- ասաց նա։

Արդարադատության փոխնախարարն արձագանքեց՝ վստահ է, որ կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններ կլինեն, որպեսզի հակասական դրույթներ չլինեն Սահմանադրության հետ, սակայն դեռ չի կարող ասել, թե ինչ փոփոխություններ կլինեն։

Ի վերջո նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը՝ ընդգրկվելով առաջիկա քառօրյայի օրակարգում։