Մարուքյանը՝ դատախազին․ «Ո՞վ է ձեզ հրահանգել, որ պատգամավորների ձերբակալությունից հետո միջնորդություն ներկայացնեք»

14:36, 15 մայիսի, 2018

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Այն ներկայացրեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ինքն ու խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Արթուր Սարգսյանի (Հաց բերող) գործով դիմել են դատախազին։

«Մենք պնդում էինք, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, և նա ազատ չարձակվի, շատ հնարավոր է, որ մահանա ՔԿՀ-ում: Նա ազատ չարձակվեց, և ցավոք այդպես էլ եղավ՝ մահացավ։ Քրեական գործ էր հարուցվել՝ հանգամանքները պարզելու և մեղավորներին գտնելու համար, սրա վերաբերյալ, ըստ էության, տեղեկություն չկա։ Սա հասարակության համար կարևոր տեղեկություն է, որը մենք չունենք»,-ասաց Մարուքյանը։

Արթուր Դավթյանն արձագանքեց, որ նախորդ տարվա իր հաշվետվության ժամանակ մանրամասն անդրադարձել է Արթուր Սարգսյանի գործին։

«Ցավում եմ, որ կրկին շեշտում եք՝ մենք ասացինք, որ եթե բաց չթողնեն Արթուր Սարգսյանին, նա կմահանա, պարոն Մարուքյան, կրկնում եմ նախորդ ասածներս՝ Արթուր Սարգսյանը կալանքի տակ գտնվելու ժամանակ չի մահացել, կոնկրետ հիվանդության հանգամանքով պայմանավորված բժշկական ցուցումով ենթարկվել է վիրահատության, որից հետո գտնվել է հիվանդանոցում, դուրս է եկել հիվանդանոցից, որից հետո մահացել է։ Այդ փաստով քրեական գործ է հարուցվել, նախաքննությունը դեռևս չի ավարտվել»,- ասաց նա։

Մարուքյանն անդրադարձավ նաև 2017 թվականի մայիսին կայացած Երևանի ավագանու ընտրություններին և «Ելք»-ի հայտնաբերած ընտրակեղծիքներին, որոնք հայտնի էր «Զիբիլիքս» անունով։

«Մենք ներկայացրել էինք հաղորդում «Զիբիլիքսի» հայտնի գործով, ներկայացվել է մարդկանց ցուցակներ, ովքեր հասցեներով գրված են, թե ոնց են գումար ստանում, ոստիկանության ՊՊԾ գնդի ցուցակները, բազմաթիվ տեղեկություններ, թե ինչպես գումար տալ մարդկանց։ Ըստ էության, այդ հանցագործությունը, որը զանգվածային բնույթ է կրել, ձեր կողմից կոծկվել է»,- ասաց Մարուքյանը։

Դավթյանի խոսքով՝ կոռեկտ չէ Մարուքյանի խոսքն այն մասին, որ գործը կոծկվել է։ «Նախաքննական մարմինն իրականացրել է նախաքննություն, որքանով ունեցել է դրա վերաբերյալ տվյալներ»,- ասաց գլխավոր դատախազը՝ հավելելով, որ համապատասխան իրավական ակտը կլինի, որտեղ էլ դատախազության դիրքորոշումը կերևա։

Մյուս հարցը վերաբերում էր համաժողովրդական շարժման ժամանակ «կասկածելի արտաքինով» մարդկանց կողմից ցուցարարներին բռնության ենթարկելու, ավտոմեքենաներ ջարդելու դեպքերին, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին և Նիկոլ Փաշինյանին ձերբակալելուն, «Նիկոլ Փաշինյանի դեպքում՝ առևանգմանը, որովհետև նրա տեղն այդպես էլ չենք իմացել, մեր գործընկերները հնարավորություն չեն ունեցել այցելել իրեն։ Ի՞նչ փուլում է այս գործը, ինչո՞ւ էին նրանց ձերբակալել, ի՞նչ միջնորդություն էիք ներկայացրել նրանց անձեռնմխելիությունից զրկելու համար, և ի՞նչ է արվել այդ միջնորդության հետ»։

«Վերջին իրադարձությունների հետ կախված՝ խորությամբ մոնիթորինգ է արվել, ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև լրագրողներին ու իրավապաշտպան առանձին կազմակերպությունների, որոնք իրենց նախաձեռնությամբ առանձին տեսանյութեր են մեզ ուղարկել, դրանց բոլորի մասով հետևել ենք, որ լինեն վարույթներ, և՛ ՀՔԾ-ում, և՛ Քննչական կոմիտեում բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել այդ դեպքերով»,- պատասխանեց Արթուր Դավթյանը։

Ինչ վերաբերում է պատգամավորների ձերբակալության դեպքերին, Դավթյանն ասաց, որ վերջիններս ձերբակալվել են ապօրինի հավաքներ կազմակերպելու համար։

«Իմ կողմից նշված փաստով հարուցված քրեական գործով ձեռք բերված նյութերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել ԱԺ, այնուհետև ամբողջ հանրությանը հայտնի իրադարձությունները տեղի ունեցան, այդ ժամանակվա վարչապետի պաշտոնակատարը համապատասխան հիմնավորումներով գրավոր դիմեց ինձ, և իմ կողմից ԱԺ նախագահին նամակ է հղվել, որ հարցը օրակարգից հանվի և քննության չառնվի»,- ասաց Դավթյանը։

Մարուքյանը հակադարձեց․ «Ես կարծում եմ՝ դուք քաղաքական նկատառումներով եք նրանց ձերբակալել և քաղաքական նկատառումներով էլ ազատ եք արձակել։ Այսինքն, վարչապետի պաշտոնակատարը Ձեզ դիմել է, Դուք դիմել եք ԱԺ-ին, որ չքննարկվի։ Իրավական գործընթաց այստեղ չկա, ո՞վ է Ձեզ հրահանգել, որ Դուք նշված պրոցեսը սկսեք՝ ձերբակալությունից հետո միջնորդություն ներկայացնելու, ո՞վ է Ձեզ նման հրաման տվել»:

Արթուր Դավթյանը վստահեցրեց՝ քաղաքական նկատառում չի եղել. «Ինձ ոչ ոք ոչ մի բան չի հանձնարարել, նայելով Ձեր աչքերի մեջ՝ ուղիղ ասում եմ՝ իրականացրել եմ մասնագիտական գործունեություն։ Ինչ վերաբերում է միջնորդությունը չքննարկելու հարցի բարձրացմանը, այո, այստեղ կա քաղաքական նշանակություն, դա էլ նույնիսկ իրավական է, դատախազը ներկայացնում է ձեռք բերված նյութերի հիման վրա իր գնահատականը, և քաղաքական մարմինը տալիս է քաղաքական գնահատական»։