«Շիրակին» պատժելուց հետո «Ալաշկերտը» երրորդ անգամ դարձավ չեմպիոն

13:03, 21 մայիսի, 2018

Երեկ ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2017/18 մրցաշրջանի առաջնությունը: Այն բանից հետո, երբ ՀՖՖ կարգապահական կոմիտեն պայմանավորված խաղ անցկացնելու մեղադրանքով 12 միավորից զրկեց Գյումրու «Շիրակին», իսկ բողոքարկման կոմիտեն էլ ուժի մեջ թողեց որոշումը, պարզ դարձավ, որ «Ալաշկերտը» երրորդ անգամ անընդմեջ դառնում է Հայաստանի չեմպիոն:

Չնայած «Շիրակը» դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, բացի դրանից՝ պատրաստվում է ՀՖՖ որոշումը բողոքարկել Լոզանի Մարզական արբիտրաժային դատարանում, երեկ արդեն կայացել է առաջնության մրցանակակիրների պարգեւատրությունը: Առաջնության արծաթե մեդալը նվաճեց Երեւանի «Բանանցը», որը միայն վերջին տուրում կարողացավ առաջ անցնել Կապանի «Գանձասար-Կապանից»: «Շիրակը» նահանջեց 4-րդ տեղ, իսկ Երեւանի «Փյունիկն» ու «Արարատը» եզրափակեցին մրցաշարային աղյուսակը: 

«Ալաշկերտի» խաղացող Արտակ Եդիգարյանը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ առաջնության լավագույն ռմբարկու՝ խփելով 13 գոլ: Անցյալ տարի նա այս կոչումը կիսեց իր թիմակից Միհրան Մանասյանի հետ. երկուսն էլ դարձել էին 13 գոլի հեղինակ: 

Լուսանկարը՝ ffa.am-ի