Սպիտակի նախկին քաղաքապետը պնդում է՝ գործող քաղաքապետը 10 տարի չի զբաղվել երկրաշարժից տուժածների հարցով

17:48, 22 մայիսի, 2018

Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Գագիկ Սահակյանը մայիսի 21-ին դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին երկրաշարժի հետևանքով անհատական բնակելի տուն կորցրած և մինչ օրս անօթևան մնացած ընտանիքների և տնակային ավաններում բնակվող ընտանիքների բնակարանապահովման հարցին լուծում տալու նպատակով: Սպիտակի նախկին քաղաքապետ, ՀՀԿ նախկին անդամ, այժմ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանն այսօր դիմել է «Հետք»-ին՝ խնդրի վերաբերյալ պարզաբանում տալու համար։

Սպիտակը վեց տարի ղեկավարած Ասատրյանը պնդում է, որ քաղաքապետ եղած տարիներին հավաքագրել է երկրաշարժից տուժած սպիտակցիների ցուցակը, մեկ տարուց ավելի աշխատել այդ ծրագրի վրա, ապա Կառավարությունը հաստատել է այդ ցուցակն ու ծրագիրը, սակայն հաջորդ քաղաքապետն այդպես էլ չի իրականացրել այն։ Նախկին ՀՀԿ-ականը կարծում է, որ իշխող ՀՀԿ-ն չի ցանկացել, որ 2008-ին ինքն ընտրվի քաղաքապետ, որպեսզի երկրաշարժից տուժածների՝ բնակարանով ապահովման ծրագիրը չիրականացնի։

«Ով որ ընտրվեց, կապ չուներ էս ամեն ինչի հետ ու ուներ կռիշ, որը անսահմանափակ գումարներ թափեց, որ ընտրվի։ Ես անկուսակցական եմ քաղաքապետ ընտրվել, հետո եմ դարձել ՀՀԿ-ական։ Ուղղակի կար մարդ, որն ուզում էր ինքը լիներ, ինքը երևար, ես անուններ չեմ տալիս, բոլորն էլ հասկանում են»,- ասաց Ասատրյանը՝ ընդգծելով, որ նույնիսկ վարչական լծակ կիրառելու դեպքում իր մրցակիցն իրենից ընդամենը 200 ձայն էր ավելի ստացել։

Ասատրյանի խոսքով՝ իր երբեմնի հարազատ կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, ճնշումներ է գործադրել իր վրա, որպեսզի ինքը չառաջադրվի 2008 թվականի Սպիտակի քաղաքապետի ընտրություններում․ անգամ մի քանի քրեական գործ է իր դեմ հարուցվել, սակայն 2008-ին համաձայնության է եկել՝ նշանակվելով Լոռու փոխմարզպետ։

«Ես առևտուր եմ արել հետները՝ պայմանով, որ չեմ դրել թեկնածությունս ու նշանակվել փոխմարզպետ․․․ Բա ի՞նչ անեի, ինձ լրիվ ոչնչացնեի՞ն, քրեական գործեր բացեցին վրես, կարո՞ղ է՝ նոր ձև էր, կամ մենակ ես էի տենց»,- ասաց նա։

Հարցին, թե ինչու հրաժարվեց փոխմարզպետի պաշտոնից ու ՀՀԿ-ից դուրս եկավ, Վանիկ Ասատրյանը պատասխանեց, որ իր որոշումն է եղել, պարզապես չի ցանկացել «իզոլացված» աշխատել։

Ասատրյանի համար անհասկանալի է, թե ինչու է դեռ 2008 թվականին Սպիտակ համայնքը ղեկավարող Գագիկ Սահակյանը մինչ օրս անտեսել երկրաշարժից տուժած սպիտակցիների բնակարանով ապահովման հարցը, այն դեպքում, երբ դեռ 2007-ի տարեվերջից ցուցակը հաստատվել, ապա արժանացել է Կառավարության հավանությանը։

«Էն բառերը, որ ծրագրումս գրած էր, դրանով դիմում է գրել վարչապետին, թե բնակարանների հարցը ինչի՞ չեք լուծում, ումի՞ց է պահանջում, 12 տարի չզբաղվեց դրանով ու ասում է՝ ինչի չեք սարքել։ Սպիտակում ինչ կա, իմ ժամանակ է կառուցվել, վարչապետից ոսկե մեդալ եմ ստացել, Նանսենի անվան մեդալ եմ ստացել, անվանական զենք եմ ստացել․․․ Երկու սպորտդպրոց եմ սարքել, ինքն էսօր դիմում է նախարարությանը, թե՝ չեմ կարում պահեմ, ֆինանս չունեմ, հանձնում է Սպորտի նախարարությանը»,- ասաց Ասատրյանը։

Ասատրյանն ասում է, որ միևնույն է՝ շարունակում է երկրաշարժի հետևանքով բնակարանից զրկված սպիտակցիների հարցին հետամուտ լինել։ Մանրամասնում է՝ վեց ամիս է, ինչ պատգամավոր է, սակայն արդեն երկու անգամ կառավարությանն այդ հարցով դիմել է։

«Իմ առաջին հարցը վարչապետին դա եմ տվել, գրավոր էլ եմ դիմել, պատասխանել են, որ խնդիրը կա, կանդրադառնանք 2020 թվականին»,- ասաց նա։