Մարուքյանը՝ դատախազին․ «Դուք ինքներդ Ձեզ մեղադրել եք քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ, հիմա ի՞նչ է լինելու Ձեր վիճակը»

15:11, 23 մայիսի, 2018

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին մտահոգել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այն հայտարարությունը, որ երկրում իրադրության փոփոխության արդյունքում անձը կամ իր կատարած հանցանքը կարող են հանրության համար վտանգավոր չլինել։

Պատգամավորը եզրակացնում է՝ ըստ դատախազի հայտարարության ստացվում է, որ որոշ պաշտոնյաներ էին մեղավոր, որ մի շարք անձինք քրեական հետապնդման են ենթարկվել։ Այս մասին Մարուքյանն ասաց «ՀՀ դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկման ժամանակ։

«Դուք ասում եք այդ պաշտոնյաներն էսօր չկան, դրա համար իրավիճակ է փոխվել, և մարդկանց կարող ենք բաց թողնել, այսինքն այդ պաշտոնյաներն էին մեղավոր, եթե նրանք չլինեին, չէր լինի նաև քրեական հետապնդում»,- ասաց Մարուքյանը` դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Դատախազը կոչ արեց չնենգափոխել իր խոսքերը։

«Ես ասում եմ մարդիկ իրականացնում են կոնկրետ գործողություններ, կոչեր են հնչեցնում՝ մատնանշելով կոնկրետ պաշտոնատար անձի, սա չի նշանակում, որ այդ մարդիկ հետապնդման են ենթարկվել։ Սա նշանակում է, որ այդ մարդիկ կատարել են հանցագործություն, և եթե այսօր էլ քրեական օրենսգրքով նախատեսված նույն գործողություններն անեն, նորից հանցագործություն է։ Ես ասում եմ, որ իրադրության փոփոխությունն անձանց վտանգավորության աստիճանը նվազեցնելու հավանականություն ունի»,- արձագանքեց Արթուր Դավթյանը։

Մարուքյանը հիշեցրեց դատախազի խոսքերը, ըստ որի քաղաքական էլեմենտի պատճառով ՀՀԿ փոխնախագահի միջնորդությամբ հետ է վերցրել Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին և Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու` խորհրդարան ներկայացրած իր միջնորդությունը։

«Սա խոսում է այն մասին, որ քաղաքական հետապնդում եք իրականացրել և քաղաքական նկատառումներով դադարեցրել եք, Դուք ինքներդ Ձեզ մեղադրել եք քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ, հիմա ի՞նչ է լինելու Ձեր վիճակը, ո՞նց ենք աշխատելու Ձեզ հետ»,- ասաց նա։

Դավթյանն արձագանքեց, որ իր նախկին խոսքը որևէ քաղաքական կոմպոնենտ չունի։

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը, որտեղ էլ քառօրյայի օրակարգ ընդգրկվեց դատախազության գործունեության մասին հաղորդումը, Մարուքյանն անդրադարձել էր Հաց բերողի քրեական գործին։ Մարուքյանը կրկին անդրադարձավ այդ գործին՝ փորձելով հստակեցնելով, թե այդ գործով ով է պատասխանատվության ենթարկվելու։ Դավթյանն արձագանքեց՝ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Մարուքյանն անդրադարձավ նաև զեկույցում տեղ գտած ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և լրագրողների նկատմամբ բռնություն կատարելու դեպքերին։

«ՊՊԾ գնդի գրավումից մինչև այսօր լրագրողների նկատմամբ տեղի ունեցած բռնությունների գործով քանի՞ մարդ է քրեական հետապնդման ենթարկվել, ընդ որում խնդրում եմ ոստիկանության աշխատողներից բացի խոսեք նաև քաղաքացիական հագուստով անձանց մասին, որոնք ինչ-որ ցուցումներ են կատարել»,- ասաց Մարուքյանը։ Դավթյանն արձագանքեց՝ ութ քաղաքացիական անձի, չորս ոստիկանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։